Պաշտոնական այցով ՀՀ ժամանած Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում իր ելույթը սկսել է հնդիկ ժողովրդի անունից պատերազմի զոհերի հարազատներին ցավակցություն հայտնելով։
ԵԱՏՄ-ի հետ համագործակցության խորացման հարցում Հնդկաստանի շահագրգռություն արտահայտելով՝ Հնդկաստանի արտգործնախարարն ափսոսանքով նշել է, որ ՀՀ-ի եւ Հնդկաստանի միջեւ ծովային կամ ցամաքային անմիջական կապի բացակայությունը խոչընդոտ է առեւտրային փոխհարաբերությունների համար Հայաստանի հետ անմիջական տնտեսական կապերը խորացնելուն։ Նշենք, որ 2021-ի հունվար-օգոստոս ժամանակահատվածում հայ-հնդկական առեւտրաշրջանառությունը կազմել է շուրջ 105,3 միլիոն ԱՄՆ դոլար, Հայաստանի արտահանումը` 72,4 միլիոն դոլար:
Ջայշանկարն արձանագրել է, որ Հայաստանն ու Հնդկաստանը «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (International North-South Corridor (INSTC)) անդամ են: Հնդկաստանի արտգործնախարարը համագործակցության զարգացման առումով առումով Հայաստանի համար լավ հեռանկարի նախադրյալ է համարել։
Միջանցքի վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի նպատակն է բարելավել եւ զարգացնել անդամ-պետությունների միջեւ իրականացվող փոխադրումները: Հնդկաստանը համաձայնագրի երեք (ԻԻՀ, ՌԴ, Հնդկաստան) հիմնադիր երկրներից մեկն է: Հայաստանը համաձայնագրին միացել է 2006-ի ապրիլի 13-ին:
ՀՀ արտգործնախարարն այսօր Հնդկաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ընդգծել է, որ Հայաստանն ու Հնդկաստանը ջանքեր պետք է գործադրեն պաշտպանական ոլորտում համագործակցությունը նոր մակարդակ տեղափոխելու համար:
Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հայտարարել է, որ Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ Հնդկաստանի դիրքորոշումը խիստ հետեւողական է։
«Բախումներից սկսած` մենք կողմնակից էինք խաղաղ կարգավորմանը, դիվանագիտական միջոցներին, որպեսզի հակամարտությունը կարգավորվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակում, եւ Հնդկաստանը դրա կողմնակիցն է»,- շեշտել է Հնդկաստանի արտգործնախարարը։
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում սեպտեմբերի 16-ին Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը եւս Սուբրամանյամ Ջայշանկարն ընդգծել էր Հնդկաստանի շարունակական աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ համապարփակ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: