Կորոնավիրուսային հիվանդության «Դելտա» շտամն աշխարհում մտահոգության առիթ է, քանի որ դրա վարակելիությունը բարձր է: Քովիդ-19-ի այս շտամն արդեն իսկ շրջանառվում է մի շարք երկրներում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հետեւում է «Դելտա» շտամի՝ աշխարհով մեկ արագ տարածման միտումներին: Հարկ է նշել, որ այն ավելի արագ է տարածվում, քան նույնիսկ «Ալֆա» շտամը, որը հայտնաբերվել էր դեռեւս 2020 թվականի դեկտեմբերին:
«Երեւանի թիվ 12 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության բժիշկ Անահիտ Աղաբաբյանը մանրամասնորեն ներկայացնում է «Դելտա» շտամի ախտանիշները եւ ռիսկերը:
«Այս շտամի դեպքում վարակն ավելի արագ է ընթանում, արդեն հիվանդության երկրորդ եւ երրորդ օրն ամբողջ ընտանիքը վարակվում է, սակայն դա նաեւ նրանից է, որ հիմա մարդիկ ավելի անվախ են դարձել, նախկինում ավելի խստորեն էին պահպանում հակահամաճարակային կանոնները»,- ասում է բժիշկն ու հատուկ շեշտում, որ շտամի գլխավոր վտանգը արագ զարգացող թոքաբորբն է:
Արագընթաց թոքաբորբի դեպքում թոքերի ախտահարվածությունը հիվանդի մոտ մեկ օրում 10 տոկոսից կարող է հասնել 80 տոկոսի: Սա էլ իր հերթին նշանակում է, որ արագորեն նվազում է մարդու կյանքը փրկելու հնարավորությունը:
Բժիշկը հայտնում է, որ վարակի սկզբնական շրջանում հիվանդի մոտ արդեն սատուրացիան իջնում է, նկատվում է ջերմություն, հիվանդության կլինիկական ընթացքն ուղղորդվում է կոկորդի ցավով, գլխացավով, քթից արտահոսքով:
Բժիշկ Աղաբաբյանի մոտ բուժվողներն այժմ թեթեւ են տանում հիվանդությունը, ծանր վիճակում է նրանցից միայն մեկը, ով պատվաստված չէ:
«Անգամ եթե կորոնավիրուսով վարակվել եք, միեւնույնն է, պատվաստումն անհրաժեշտ է, որովհետեւ հակամարմինները որոշ ժամանակ անց վերանում են»,- ասում է Աղաբաբյանը:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Քովիդ-19-ի դեմ առկա պատվաստանյութերը որոշակի պաշտպանություն են ստեղծում վիրուսի նոր տեսակներից, քանի որ այդ պատվաստանյութերն առաջացնում են լայն իմունային պատասխան` ներառելով մի շարք հակամարմիններ եւ բջիջներ: Ուստի պատվաստանյութերն արդյունավետ են եւ կանխում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ընթացքը եւ մահվան դեպքերը:
Իսկ ըստ «PHE»-ի վերլուծության` Քովիդ-19-ի դեմ պատվաստանյութերի երկու դեղաչափերը խիստ արդյունավետ են «Դելտա» շտամից հոսպիտալացման դեմ:
Բժիշկ-համաճարակաբան, ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի նախկին աշխատակից Էդուարդ Հովհաննիսյանը հայտնում է, որ տարբեր պատվաստանյութեր ունեն արդյունավետության տարբեր աստիճաններ:
Քանի որ վիրուսը փոփոխական է, այն կարող է շրջանցել պատվաստանյութերը: Կան տվյալներ, որ «Դելտա» շտամն ավելի հեշտությամբ է շրջանցում պատվաստանյութը։
«Ամեն հետազոտություն ուսումնասիրելիս պետք է ուշադրություն դարձնել, թե որ երկրում է այն արվել: Եթե Իսրայելն է ներկայացնում նման հետզաոտություն, ապա պետք է հասկանալ, որ «Դելտա» շտամը կարողանում է շրջանցել «Պֆայզեր» պատվաստանյութը, որովհետեւ այդ երկրում հիմանականում պատվաստվում են դրանով:
Կան հետազոտություններ, որոնց համաձայն՝ «Դելտա» շտամի դեպքում բնական իմունիտետը 13 անգամ ավելի հուսալի է, քան պատվաստումը: Սակայն ես կարծում եմ, որ խոցելի խմբում գտնվողները պետք է պատվաստվեն, որպեսզի ծանր ընթացքի ռիսկը կամ մահվան ելքը բացառվի»,- բացատրում է Հովհաննիսյանը:
Մինչ օրս համավարակի դեմ պայքարի լավագույն եւ արդյունավետ միջոցը համարվում է պատվաստումը: Թե՛ կորոնավիրուսի, թե՛ դրա դեմ պատվաստումների մասին տարածվող ապատեղեկատվությունը հաճախ տեղական ծագում չունի։ Դրանք սոցիալական մեդիայի, լրատվամիջոցների, հայտնի անձանց ու քաղաքականացված բժիշկների միջոցով են գալիս Հայաստան։ Նաեւ ինֆոդեմիայով է պայմանավորվում Հայաստանում Քովիդ-19-ի դեմ պատվաստումների ցածր մակարդակը։
Մենք առանձնացրել ենք պատվաստանյութի մասին մի քանի միֆ ու բացատրել, թե ինչու են դրանք միֆ եւ ոչ իրականություն։
«Պատվաստանյութերը կարող են առաջացնել անպտղություն»
Պատվաստման պատճառով առաջացող անպտղության միֆը տարածված է ոչ միայն Հայաստանում։ Այն հաստատող գիտական որեւէ ապացույց չկա։ Այս պնդումը հերքել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
«Հնարավոր է մահանալ պատվաստման ընթացքում»
Լուրջ կողմնակի ազդեցությունների հավանականությունը, որոնք կարող են սպառնալիք լինել առողջության կամ նույնիսկ կյանքի համար (օրինակ ՝ հանկարծակի թրոմբոզը), չի կարելի ամբողջությամբ բացառել: Այնուամենայնիվ, այդ ամենն այնքան անհատական է, որ հնարավոր չէ կանխատեսել, եւ այնքան հազվադեպ, որ պատվաստման օգուտները զգալիորեն գերազանցում են հավանական ռիսկերը:
«Պատվաստանյութերը «անօրինական փորձարկումներ» են Հայաստանում»
Քովիդ-19-ի դեմ կիրառվող բոլոր պատվաստանյութերն անցել են կլինիկական փորձարկումներ։ Դրանք հաստատված են առողջապահական միջազգային կառույցների կողմից բնակչության շրջանում կիրառվելու համար։ Այս պատվաստանյութերը, նախքան վավերացում ստանալը ենթարկվում են կլինիկական խիստ փորձարկումների՝ դրանց համապատասխանությունը անվտանգության եւ արդյունավետության միջազգային չափանիշներին հավաստելու համար: Ինչ վերաբերում է պատվաստանյութի վրա նշված EXP մակագրմանը, այն նշանակում է expiration՝ պահպանման ժամկետ, ոչ թե experimental՝ փորձարկվող միջոց։
«Պատվաստանյութի հետ հեղուկ չիպեր են ներարկում»
Պատվաստանյութերի միջոցով մարդկանց օրգանիզմում տեղադրվող նանոբոտերի, չիպերի լուրը Հայաստան է հասել ամիսներ առաջ։ Սակայն այս բովանդակությունը մինչեւ Հայաստան հասնելը արդեն տարածվել, ստուգվել եւ հերքվել էր։ Ավելին՝ պատվաստանյութերի բաղադրությունները հրապարակվել էին, ու դրանց մեջ «չիպեր» կամ «նանոբոտեր» չկան։
«Պատվաստվածներն արյան դոնոր չեն կարող դառնալ»
Որեւէ հիմք չկա պնդելու, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը խանգարում է արյան դոնոր դառնալուն։ Պատվաստանյութի առաջին դեղաչափի ընդունումից հետո Հայաստանում արյուն չեն վերցնում, իսկ երկրորդ դեղաչափ ստանալուց տասը օր հետո անձը կարող է դոնոր դառնալ։ Փոխարենը արյան դոնոր չեն կարող դառնալ կորոնավիրուսով տվյալ պահին վարակվածները, իսկ արդեն բուժվածների դեպքում կա սահմանափակում։ Եթե կորոնավիրուսով վարակված մարդը հիվանդությունը տարել է առանց մեծ քանակի դեղորայք օգտագործելու ու թեթեւ, ապա բուժվելուց մեկ ամիս հետո կարող է դառնալ դոնոր։ Իսկ ծանր ընթացած դեպքերում վեց ամիս արգելվում է արյուն հանձնել։