Մոսկվայի Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի միջնորդությամբ, հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի եռակողմ հանդիպումը։
Մայր Աթոռից հայտնել են, որ 1988-ից սկսած՝ սա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ այս ձեւաչափով 17-րդ հանդիպումն էր:
Կրոնով չարդարացնել բռնությունն ու արյունահեղությունը
Հանդիպմանը Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքն ընդգծել է, որ հավաքվել են քննարկելու Լեռնային Ղարաբաղում բազմամյա հակամարտության հետեւանքների հաղթահարման խնդիրը, որում ներգրավված են Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդները:
«Շուրջ երեսուն տարվա ընթացքում մենք` հոգեւոր առաջնորդներս, ջանում ենք, որպեսզի մեղմենք այս ողբերգական հակամարտությունը: Աստծուց կոչված ենք քարոզելու սեր եւ ողորմություն, անգամ երբ դա դժվար իրականանալի է թվում:
Քաջ հայտնի է, որ հոգեւոր կյանքի ոլորտը մարդու համար ամենազգայունն է: Ցավոք, կան մարդիկ, որոնք բռնությունը, դաժանությունն ու արյունահեղությունն արդարացնում են կրոնով: Եվ մենք կոչված ենք համատեղ միանշանակ պատասխան տալու կրոնը եւ պատերազմը միմյանց կապելու փորձերին»,- ընդգծել է պատրիարքը։
Ինչպե՞ս կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է, որ հանդիպումը տեղի է ունենում այնպիսի ժամանակահատվածում, երբ տարածաշրջանը վերստին գերլարված է:
Նորին Սրբությունն ընդգծել է, որ Ադրբեջանը անցած տարվա սեպտեմբերի 27-ին Թուրքիայի բացահայտ աջակցությամբ եւ միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ Արցախի ժողովրդի դեմ սանձազերծեց պատերազմական լայնածավալ գործողություններ, ինչը աղետալի իրավիճակ ստեղծեց ամբողջ տարածաշրջանում եւ ունեցավ ողբերգական հետեւանքներ մեր ժողովուրդների համար։
Կաթողիկոսը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայմամբ նախադրյալներ ստեղծվեցին Արցախի ժողովրդի անվտանգ կյանքի վերականգնման եւ Արցախի թեմի առաքելության ապահով իրականացման համար:
Վեհափառ Հայրապետն ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո խնդրի կարգավորումը՝ հարցադրում անելով, սակայն, թե ինչպես կարող է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվել, քանի դեռ Ադրբեջանը ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հարցում շարունակում է առաջնորդվել ուժի կիրառման սկզբունքով եւ ծավալապաշտական ձգտումներով, հստակեցված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, եւ երաշխավորված չէ արցախահայության անկախ կյանքի իրավունքի իրացումը, ազատ չեն արձակվել բոլոր ռազմագերիները՝ անկախ Ադրբեջանի կողմից նրանց վերագրվող կարգավիճակից, որոնց իրական թիվը չի բացահայտվում, հայտնի չէ բռնի անհետացումների զոհ դարձած բազմաթիվ անձանց ճակատագիրը, Ադրբեջանը չի դադարեցրել իր ոտնձգությունները ՀՀ պետական սահմանի նկատմամբ եւ հետ չի քաշվում գրավյալ տարածքներից։
Միջազգային օրենսդրության հարգմամբ պատշաճ վերաբերմունք չի դրսեւորվում
Կաթողիկոսը շեշտել է նաեւ, որ «միջազգային օրենսդրության հարգմամբ պատշաճ վերաբերմունք չի դրսեւորվում համաշխարհային նշանակություն ունեցող հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ, քանի դեռ ավերվում եւ պղծվում են մեր աղոթատները, եւ չեն դադարում պատմությունը կեղծելու, հայկական վանքերն ու եկեղեցիներն իրենց ինքնությունից զրկելու փորձերը, չի ճանաչվում դրանց իրավական պատկանելությունը Հայոց Եկեղեցու Արցախի թեմին, եւ մեր զավակները զրկված են իրենց սրբավայրերն այցելելու իրավունքից»։
«Հարգարժան շեյխ-ուլ-իսլամ, հավատում ենք, որ մեր այս հանդիպումը պիտի արդյունքներ ապահովի Ձեր անմիջական միջնորդությամբ Ադրբեջանի իշխանությունների մոտ, մասնավորապես հումանիտար հարցերի, առկա հոգեւոր-կրոնական խնդիրների կարգավորման եւ մեր ժողովուրդների կյանքում խաղաղության վերահաստատման գործում»,- ընդգծել է Ամենայն հայոց Կաթողիկոսը։
Ազատել գերիներին, ամեն կերպ խուսափել ատելության խոսքից
Քննարկումների ավարտին Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը հանդես է եկել հայտարարությամբ։ Նա շեշտել է, որ խաղաղությունն ու համակեցությունն այլընտրանք չունեն․ «Այսօր հատկապես կարեւոր է վերականգնել միմյանց նկատմամբ մարդկանց վստահությունը: Կրկին սովորել հարեւանին ընդունել հարգանքով եւ փոխօգնության պատրաստակամությամբ»։
«Կոչ ենք անում հստակեցնելու անհետ կորածների ճակատագիրը, նպաստելու ռազմագերիների ազատ արձակման գործնթացին եւ թույլ չտալու արգելված զենքի գործածումը, որը սպառնալիք է խաղաղ բնակչության կյանքի համար:
Առաջիկայում անհրաժեշտ է ամեն կերպ խուսափել ատելության խոսքից, հակամարտության գոտում ձեռնպահ մնալ ռազմաշունչ կոչերից: Երիտասարդությանը կոչ ենք անում չտրվելու ագրեսիային եւ արմատականությանը, նախ եւ առաջ փնտրել խաղաղություն: Իսկ հոգեւոր առաջնորդները պատրաստ են օգտակար լինելու Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդների հաշտեցմանը՝ հանուն ներկա եւ ապագա սերունդների:
Ռուս Ուղղափառ եկեղեցին աղոթում է իր բարեկամ երկու ժողովուրդների հաշտության համար եւ այսուհետեւ պատրաստ է, ըստ ամենայնի, օժանդակելու, որ Հարավային Կովկասում կայուն եւ արդար խաղաղություն թագավորի»,- ընդգծել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը: