Գյուղը զարգացնելու եւ այնտեղ ապրող մարդկանց կյանքի որակը բարելավելու նպատակով «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն արդեն երկրորդ տարին համաժողով է կազմակերպում՝ ներգրավելով տեղական ու միջազգային շահագրգիռ կառույցներին եւ անձանց։
Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնում անցկացվող համաժողովում քննարկվում են գյուղական համայնքները նոր մոդելով կառավարելու, ձեռներեցության ու զբոսաշրջության միջոցով կայուն աշխատատեղեր ստեղծելու, կանաչ գյուղատնտեսությունը զարգացնելու եւ սոցիալապես կայուն միջավայր ստեղծելու մեթոդները։
Տեսական քննարկումներից բացի՝ տաղավարներում իրենց արտադրանքն են ներկայացնում Հայաստանի տարբեր մարզերից եւ Արցախից Լոռի եկած գործարարները։
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի տնօրեն Կորյուն Խաչատուրյանն ասում է՝ սա համաժողովի կիրառական հատվածն է, այսինքն՝ իրենք «գնում են ոչ միայն սիրուն խոսքերի հետեւից, այլեւ փորձում են ցույց տալ, թե ինչ կա, եւ հատկապես ինչն է աշխատում գյուղական համայնքներում»։
«Աստղիկ» բարեգործական հիմնադրամը գյուղի զարգացմանն ուղղված իր երկու հաջողված օրինակն է ներկայացնում՝ ավանդական եւ ոչ ավանդական մշակաբույսերի աճեցում Հարթագյուղում եւ բաճկոնների արտադրություն Կուրթանում։ Հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյանը նշում է՝ գյուղացին միայն սեփական հողատարածքը մշակելու, միայն սեփական ընտանիքի կարիքները հոգալու համար չպիտի մտածի, այլ մեծ արտադրության մաս լինելու, ինչը եկամուտ կբերի համայնքին։
«Հարթագյուղում մեր խնդիրը երեսուն տարի չմշակված հողերի մշակումն է։ Էդ տարածաշրջանը գյուղատնտեսության զարգացման բավական մեծ ռեսուրս ունի, ինչը չի օգտագործվել տարիներ շարունակ։ Իսկ մենք փորձում ենք օգտագործել և դրանով զարգացնել գյուղական համայնքները։ Հաջորդը Կուրթան գյուղն է, որտեղ արդեն արտադրական մոդել ենք զարգացրել, ունենք «Made in Kurtan» բրենդը, բաճկոններ ենք արտադրում։ Սա էլ մեկ այլ օրինակ է՝ գյուղական համայնքի համար եկամտի աղբյուր ստեղծելու»,- հիմնադրամի գործունեությունն է ներկայացնում Մարիամ Անտոնյանն ու հավելում՝ նման միջոցառումներն առաջին հերթին կարեւոր են միմյանց ճանաչելու, իմանալու, թե Հայաստանի որ անկյունում ինչ է արտադրվում, որն է տվյալ մարզի այցեքարտը։
Արցախցի Կարենը փայտե խաղալիքների արտադրությամբ է զբաղվում։ Ոլորտի սկսնակներից է։ Երկու տարի առաջ ամեն ինչ զրոյից է սովորել՝ համակարգչով։ «Գյուղական համայնքների զարգացում» համաժողովի ցուցասրահում ներկայացնում է իր «Խաղա Արցախ» բրենդն ու նաեւ պատմում բիզնեսի զարգացման խոչընդոտների մասին։
«Պատերազմից հետո արդեն փայտ չունենք, անտառներ չունենք, հումքը լուրջ խնդիր է։ Ամեն ինչ թանկացել է։ Փայտի վերամշակման արհեստանոց կա Ստեփանակերտում, իրենցից եմ գնում հումքը։ Թափոններն էլ թանկ են, քանի որ թափոնի տերը արդեն գիտի դրա արժեքը: Ամեն ինչին հստակ գին կա, նույնիսկ թեփն են ծախում կամ էլ որպես վառելիք օգտագործում»,- ասում է Կարենը։
Տավուշի մարզի Ենոքավան համայնքում գործող «Յելլ էքսթրիմ պարկ» նախագծի հեղինակ եւ համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը համաժողովի բանախոսներից է։ Նա գյուղերում եւ առհասարակ Հայաստանում բիզնես հիմնելու եւ զարգացնելու գործում ամենակարեւորը կրթության բաղադրիչն է համարում եւ նշում՝ դրա բացակայության պայմաններում է, որ խնդիրները տարիներով լուծում չեն ստանում։
«Մեր կրթական ցենզը էնքան է ընկել, որ մենք չենք կարղանում ազգովի նույն լեզվով նույն բանի մասին խոսել։ Մեր բանկային համակարգի հետ աշխատելու համար գյուղական համայնքներում անշարժ գույքի գրավի արժեքն ընդհանրապես չի բավարարի ինչ-որ մի բիզնես սկսելու համար։ Եվ մենք էդտեղ ունենք մեծ խնդիր։ Մեր էկոնոմիկան գտնվում է Երևանի շուրջը։ Երևանից դուրս գալու համար պետք է ոչ միայն պետությունը խթանի, այլև պետք է կրթության շնորհիվ կարողանան զարգացնել ե՛ւ երեխաներին, ե՛ւ էն մեծահասակներին, որ էս 30 տարվա ընթացքում չեն հասցրել սովորել, աճել, իրենց համայնքներում ինչ-որ բան անել»,- ասում է գործարար Տիգրան Չիբուխչյանը։ Համաժողովի ընթացքում նա խոսեց նաեւ Հայաստանի հարկային օրենսգրքի անմատչելի եւ բարդ լինելու խնդրից։
Լոռու մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը նույնպես երկրի համար դժվարին այս ժամանակահատվածում համայնքների զարգացումը միայն կրթության միջոցով է տեսնում՝ կարեւորելով երիտասարդների ներուժը միջազգային ծրագրերն իրենց բնակավայրերում տեղայնացնելու գործում։
«Պետություն-համայնք-մասնավոր հատված կապն այնքան էլ արդյունավետ չի գործում։ Պետություն-համայնք կապն ամուր է, բայց նաեւ մասնավոր հատվածը պետք է շատ լուրջ ներգրավվածություն ունենա, քանի որ ե՛ւ տնտեսական միջավայր է փոխում, ե՛ւ ցանկացած նորարարություն ու լավ կառավարման փորձ մասնավորից կարող ենք վերցնել, օգտագործել համայնքային ծրագրերի իրականացման ընթացքում»,- նշում է մասնագետը։
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը «Գյուղական համայնքների զարգացում» ամենամյա համաժողովը կազմակերպում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ։ Համաժողովի նպատակն է բացահայտել գյուղական համայնքներում առկա ներուժը, ներկայացնել հաջողված ծրագրերը, քննարկել խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները։
«Համաչափ զարգացման ամենակարեւոր թիրախը պետք է լինեն մեր գյուղական շրջանները, նրանց պոտենցիալը։ Ցավոք, մինչեւ հիմա չի հաջողվել բավարար մակարդակի վրա ակտիվացնել եւ օգտագործել այն։ Վստահ եմ, որ մենք այստեղից դուրս կգանք նոր պատկերացումներով, գաղափարներով ու գուցե նաեւ մտահոգություններով լի, թե օրինակ որտեղ ենք դանդաղում կամ թերանում»,- ասում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Վաչե Տերտերյանը։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։