ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն այսօր եւ վաղը լսումներ կանցկացնի Ադրբեջանի դեմ ներկայացված հայցի շրջանակում միջանկյալ միջոցներ կիրառելու` Հայաստանի միջնորդությունը քննարկելու համար:
Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիայի խախտումների հիմքով։ Միաժամանակ Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ, այդ թվում՝ Բաքվի «Ռազմավարի պուրակի» փակումը եւ ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը։ Հենց այս հարցերի լուծման համար է Հայաստանը միջանկյալ միջոցի կիրառման միջնորդություն ներկայացրել։
Լսումների երկու օրերի ընթացքում նախ իր փաստարկները կներկայացնի Հայաստանը, ապա` Ադրբեջանը։ Նիստերը նախագահելու է ՄԱԿ-ի գլխավոր դատական ատյանի նախագահը։ Համավարակի պատճառով լսումները կանցկացվեն հիբրիդային ձեւաչափով, որոշ դատավորներ անձամբ կմասնակցեն նիստերին, մյուսները՝ հեռավար:
Եվրոպական եւ ՄԱԿ-ի Միջազգային դատարաններում Հայաստանի շահերը ներկայացնող Եղիշե Կիրակոսյանը Հաագայում է եւ մասնակցելու է լսումներին։
Հայաստանը ՄԱԿ-ի Միջազգային դատարանում սեպտեմբերի 16-ին դատական գործընթաց սկսեց Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման միջազգային կոնվենցիայի համաձայն: Ադրբեջանին Հայաստանը մեղադրում է ռասայական խտրականության մեջ, որը շարունակվել է տասնամյակներ շարունակ եւ սրվել հատկապես 2020-ի պատերազմի ընթացքում:
Ադրբեջանը եւս Հայաստանի դեմ հայց է ներկայացրել՝ պնդելով, թե Հայաստանն է իրականացրել եւ իրականացնում մի շարք խտրական գործողություններ ադրբեջանցիների նկատմամբ նրանց ազգային եւ էթնիկ ծագման հիման վրա:
Երկու կողմերն էլ պահանջում են վնասի փոխհատուցում եւ ժամանակավոր միջանկյալ միջոցների կիրառում, որոնք նախատեսված են վարույթի ընթացքում իրավիճակի սրումը կանխելու համար:
«Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով նախնական լսումները տեղի կունենան հոկտեմբերի 18-ին եւ 19-ին։