Ըստ Շվեդիայի, Իտալիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի եւ Չինաստանի գիտնականների համատեղ հետազոտության՝ կորոնավիրուսով հիվանդների բնական իմունիտետը պահպանվում է ավելի քան մեկ տարի: Ուսումնասիրության համար արյան նմուշներ են վերցվել հիվանդությունը ծանր եւ թեթեւ տարած հիվանդներից:
Գիտնականները եզրակացրել են, որ կորոնավիրուսով վարակվածների օրգանիզմում հակամարմինների թիվն աստիճանաբար նվազում է հիվանդությունից հետո առաջին վեց ամսում, այնուհետեւ ցուցանիշը կայուն է մնում մինչեւ 15-րդ ամիսը:
Միայն երեք երկիր չի սկսել պատվաստման գործընթացը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտնել է, որ աշխարհում կա երեք երկիր, որտեղ դեռեւս չեն սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը: «Երեք երկրներ դեռեւս չեն սկսել պատվաստման գործընթացը: Դրանք են Բուրունդին, Էրիթրեան եւ Կորեայի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունը»,- Ժնեւում ճեպազրույցի ժամանակ նշել է Գեբրեյեսուսը:
Աֆրիկայում դեղագործական գործարան կկառուցի
«Մոդեռնա» դեղագործական ընկերության համահիմնադիր եւ նախագահ Նուբար Աֆեյանը «Ռոյթերս»-ի հետ հարցազրույցում հաստատել է, որ ընկերությունը մտադիր է Աֆրիկայում գործարան հիմնել, որտեղ նաեւ ՔՈՎԻԴ-19-ի դեմ դեղամիջոց կարտադրվի։ Ցածր եկամուտ ունեցող երկրներին դեղորայքով ապահովելու ծրագրի շրջանակում տարեկան կարտադրվի 500 միլիոն չափաբաժին դեղամիջոց:
«Մոդեռնա»-ի նախագահը նշել է, որ թեկնածու երկրներից են Ռուանդան, Սենեգալն ու Հարավաֆրիկյան Հանրապետությունը, եւ հիմա, երբ հայտարարվել է Աֆրիկայում գործարան հիմնելու ծրագրի մասին, արդեն կակտիվացնեն ընտրություն կատարելու գործընթացը։
Աֆեյանը նաեւ նշել է, որ հիմնական նպատակը տարբեր պատվաստանյութեր արտադրող գործարան կառուցելն է, որ ապագայում նոր համավարակների դեպքում կարողանան շատ արագ վերափոխել դեղամիջոցը եւ աֆրիկյան մայրցամաքում ապահովել պատվաստանյութի անվտանգությունը:
Նուբար Աֆեյանն ասել է, որ Սպիտակ տան հետ իրենց հետաքրքրություններն ընդհանուր են. հնարավորինս շատ պատվաստանյութով ապահովել ցածր եկամուտ ունեցող երկրներին:
«Մոդեռնա»-ն աղքատ երկրներին 2022-ին կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի մեկ միլիարդ չափաբաժին ապահովելու նպատակ ունի: Քովիդի դեմ ամբողջովին պատվաստված աֆրիկացիների թիվը շատ ցածր է. երկու չափաբաժին ընդունածները մայրցամաքի բնակչության 5 տոկոսն էլ չեն։
Առողջապահական համակարգի փորձագետները նշում են, որ «Մոդեռնա»-ի գործարան ունենալու թեկնածուներ Ռուանդան, Սենեգալը եւ ՀԱՀ-ը դեղորայք արտադրելու փորձառություն ունեն կամ հետաքրքրված են ոլորտի զարգացմամբ։ ՀԱՀ-ը բժշկական հետազոտությունների կարողություններ ու դեղագործական ներքին արտադրություն ունի, Սենեգալը դեղին տենդի դեմ պատվաստանյութ է արտադրում, Ռուանդան պատվաստանյութեր ու դեղեր արտադրելու ոլորտում հետաքրքրություն է ցուցաբերում։ Հյուսիսաֆրիկյան Թունիսն ու Եգիպտոսը դեղագործական սեփական արտադրություն ունեն։