Շուտով Վատիկանը կհայտարարի Հռոմի Հովհաննես Պողոս Ա պապին Երանելի հռչակելու սուրբ եւ հանդիսավոր արարողության ամսաթիվը: «Վատիկանյան լուրեր»-ից տեղեկանում ենք, որ մինչ այդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը սրբերի դատի հանձնաժողովին հանձնարարել է հրապարակել ժողովրդի սերը վայելած Հովհաննես Պողոս Ա Պապի բարեխոսությամբ հրաշագործ բուժման վերաբերյալ հրամանագիրը։
Խոսքը ծանր ու անբուժելի հիվանդությամբ տառապող փոքրիկ աղջկա մասին է, որ 2011 թվականի հուլիսի 23-ին հրաշքով բուժվել է՝ աղոթքով հայցելով Հովհաննես Պողոս Ա-ի բարեխոսությունը:
Հովհաննես Պողոս Ա-ն պապ է ընտրվել 1978 թվականին եւ 33 օր հետո մահացել: Պապականության պատմության մեջ ամենակարճ աթոռակալություններից մեկի ընթացքում նա հասցրել է վայելել ժողովրդի սերը եւ միշտ ժպտալու պատճառով վաստակել «ժպտացող պապ» տիտղոսը: Նրան նաեւ կոչել են «անհայտ պապ»:
Վարկածներ կան եկեղեցում նորարարություն եւ պարզություն մտցնելու գործունեության պատճառով նրան թունավորելու մասին: Հռոմի այս պապին երգեր են նվիրել ժամանակակից ռոք խմբեր, նա նաեւ «Կնքահայրը 3» ֆիլմի հերոսներից մեկն է:
Հովհաննես Պողոս Ա պապի սրբադասման կարգը Վատիկանը սկսել է 2003-ից: Երանելի հռչակվելուն հաջորդում է սրբադասումը: