Ճապոնական ծովում հոկտեմբերի 14-ին մեկնարկել են «Ծովային փոխգործակցություն-2021» ռուս-չինական համատեղ զորավարժությունները: Չինական նավերի ջոկատը նախօրեին ժամանել է Պետրոս Մեծի ծոցի խարսխակայան:
ՌԴ ռազմածովային նավատորմի Խաղաղօվկիանոսյան տորմիղի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ռուսաստանի ռազմածովային նավատորմը զորավարժանքներին ներկայացված է «Ադմիրալ Պանտելեեւ» մեծ հակասուզանավային նավով, 20380 նախագծի երկու ռազմանավերով, երկու բազային ականորս նավերով, 877 նախագծի «Ուստ-Բոլշերեցկ» սուզանավով, ինչպես նաեւ հրթիռակիր կատերով եւ փրկարար քարշիչով:
Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ուժերից գործի են դրված «Կուն Մին» եւ «Նան Չան» Էսկադրային ականակիրները, «Բին Չժոու» եւ «Լյու Չժոու» կորվետները, ինչպես նաեւ դիզելային սուզանավ, համալիր մատակարարման նավ եւ փրկարար նավ:
Բացի դրանից՝ ռուս-չինական զորավարժանքներին ներգրավված են Խաղաղօվկիանոսյան նավատորմի եւ Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ուժերի ծովային օդուժի 12 ինքնաթիռ եւ ուղղաթիռ:
Զորավարժությունները կտեւեն մինչեւ հոկտեմբերի 17-ը: