Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Սանկտ Պետերբուրգում հայտարարել է, որ «Թալիբան» շարժման ներկայացուցչական պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա՝ Աֆղանստանի հարցով խորհրդակցությունների մոսկովյան ձեւաչափի երրորդ նիստին մասնակցելու համար:
Հոկտեմբերի սկզբին Աֆղանստանի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովը հայտարարել էր, որ Ռուսատանը «Թալիբանի» ներկայացուցիչներին հրավիրել է Մոսկվա՝ բանակցությունների:
«Թալիբան» շարժումը Ռուսաստանում արգելված է եւ ճանաչված ահաբեկչական, այդուամենայնիվ Ռուսաստանի արտգործնախարարը եւ այլ պաշտոնյաներ «Թալիբանի» հետ վերջին յոթ տարիներին ակտիվ բանակցություններ են վարել, շարժման ներկայացուցիչներն այցելել են Մոսկվա։
Հերթական երկօրյա այցը այս տարվա հուլիսի 8-ին էր, երբ Մոսկվայում Զամիր Կաբուլովի հետ հանդիպման ժամանակ «Թալիբան» շարժման պատվիրակության անդամները հայտարարեցին, որ թալիբները Աֆղանստանի տարածքը չեն օգտագործելու այլ երկրների վրա հարձակում գործելու համար։ Պատվիրակությունը գլխավորել է Կատարում շարժման քաղաքական գրասենյակի ղեկավարներից մեկը`Աֆղանստանի քաղաքացիների հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Շահաբուդին Դելավարը։
«Թալիբան»-ը մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 13-ին հայտնել էր, որ անհրաժեշտ է համարում թալիբների կողմից նշանակված Ամիր Խան Մութաքիի կառավարության արտգործնախարարի այցերը Ռուսաստան, Չինաստան եւ Իրան:
«Ես անհրաժեշտ եմ համարում այցերն այդ երկրներ եւ նրանց հետ քաղաքական հարաբերությունների պահպանումը, բայց դա պետք է լուծվի այդ երկրների հետ երկկողմ կապերի ընթացքում: Այցերը նախատեսվում են, բայց դրանց իրականացումը կլուծվի երկկողմ մակարդակով, երկրները երկկողմ մակարդակով պետք է քննարկեն այդ այցը»,- նշել է շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը:
Աֆղանստանի ժամանակավոր կառավարության մշակույթի եւ տեղեկատվության փոխնախարար Զաբիուլլահ Մուջահիդն էլ հայտարարել էր, որ թալիբները հույս ունեն ստանալ Մոսկվա այցի հրավեր:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, սեպտեմբերի 24-ին խոսելով թալիբներին Մոսկվա հրավիրելու մասին, հայտարարել է, որ Կրեմլը հետեւում է թալիբների գործողություններին եւ Աֆղանստանում կառավարության վերջնական կազմի ձեւավորման գործընթացին: «Ինչպես եւ աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունը, մենք նախընտրում ենք ուշադիր հետեւել, թե ինչ են անում թալիբներն Աֆղանստանում, թե ինչպիսի վերջնական կառուցվածք կունենա այդ երկրի իշխանության համակարգը, եւ ինչպես կապահովվեն նախկինում տրված խոստումները: Մենք շատ ուշադիր հետեւում ենք այդ ամենին»,- թալիբների պատվիրակությանը Մոսկվա հրավիրելու մտադրության մասին հարցին ի պատասխան նշել է Պեսկովը: