Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «La Repubblica» իտալական թերթին տված հարցազրույցում ասել է, թե գոհ է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների գործունեությունից:
«Արդեն մոտ մեկ տարի է անցել պատերազմի ավարտից եւ Ադրբեջանում՝ Ղարաբաղի շրջանում ռուս խաղաղապահների տեղակայումից, ընդհանուր հաշվով վիճակը կայուն է, մենք գոհ ենք»,- ասել է Ալիեւը՝ նշելով, թե կան որոշ հարցեր, որոնք լուծման կարիք ունեն:
«Խոսքը, մասնավորապես, շրջան այցելող օտարերկրացիների մասին է, նրանք պարտավոր են այս պահին ռուսաստանցի խաղաղապահների հսկողության տակ գտնվող մեր տարածքներ այցելելու համար ստանալ Ադրբեջանի իշխանությունների թույլտվությունը, բայց որոշ օտարերկրացիներ դեռ շարունակում են ապօրինաբար հասնել մեր տարածքներ, ռուսաստանցի խաղաղապահների տեղակայման շրջաններ»,- պնդել է Ալիեւը:
Նա շեշտել է, թե Ադրբեջանն այդ հարցը ներկայացրել է Ռուսաստանի պատկան մարմինների, մասնավորապես պաշտպանության նախարարության ուշադրությանը: «Դրան պետք է վերջ տալ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Ռուս խաղաղապահներն այս պահի դրությամբ Ղարաբաղում են միայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, որտեղ նրանց վերաբերյալ ընդամենը երեք նախադասություն կա: Նշվում է, որ զորակազմը տեղակայվելու է հինգ տարի ժամկետով, որը եւս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որեւէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից: Փաստաթուղթը չի հստակեցնում, թե կոնկրետ ինչ լիազորություններ ու իրավասություններ ունեն ռուս խաղաղապահները եւ ինչ կարող են անել, եթե, ասենք, հրադադարը խախտվի, ինչպես արդեն եղել է մի քանի անգամ՝ հանգեցնելով նաեւ մարդկային կորուստների։
Պաշտոնական Երեւանը հայտարարում է, թե Բաքուն մինչ օրս ռուս խաղաղապահների տեղակայման մանդատը չի ստորագրել, ավելին՝ լայնածավալ հակաքարոզչություն է իրականացնում նրանց դեմ: Ադրբեջանը ցանկանում է, որ Ռուսաստանը հստակ հայտարարի․ ռուս խաղաղապահները տեղակայված են Ադրբեջանի տարածքում։ Մոսկվան նախընտրում է սպասել, մինչեւ Բաքուն կմեղմի իր դիրքորոշումը: