Բեյրութում այսօր հրաձգություններ ու բախումներ են տեղի ունեցել Հըզբոլլահի եւ նրանց կողմնակիցների կազմակերպած բողոքի ցույցի ժամանակ։ Հրաձգությունների եւ ընդհարումների հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, երեք տասնյակը՝ վիրավորվել։
Ցույցի մասնակիցները պահանջում են պաշտոնանկ անել նավահանգստում անցած տարվա ուժեղ պայթյունի պատճառները քննող գլխավոր դատավորին։
Լիբանանի ներքին գործերի նախարար Բասամ Մավլավին հայտնել է, որ զոհերի մեջ գլխից խփված մարդիկ կան, նրանց վրա կրակել են դիպուկահար զենքից։ Զինվորականները զգուշացրել են, որ կրակ կբացեն ցանկացած մարտական զենք օգտագործողի վրա։ Նրանք խաղաղ քաղաքացիներին կոչ են արել դուրս գալու բախումների շրջանից։
Վարչապետ Նաջիբ Միկատին զգուշացրել է Լիբանանը բռնությունների մեջ ներքաշելու վտանգի մասին եւ հանդարտությունը վերականգնելու կոչ արել։
2008-ից հետո, երբ Հըզբոլլահը կարճ ժամանակով գրավել էր Բեյրութի որոշ շրջաններ, սա ներքաղաքական ամենալուրջ լարվածությունն է, որ ուղեկցվում է կրակոցներով ու հրաձգություններով։
Տեղեկանք
Հըզբոլլահ (բառացի՝ «Ալլահի կուսակցություն) զինյալ խումբը միաժամանակ շիա իսլամիստական քաղաքական հզոր կուսակցություն է Լիբանանում, որի ռազմական թեւը Ջիհադի խորհուրդն է, իսկ քաղաքական թեւը հարում է Լիբանանի խորհրդարանի Հավատարմություն դիմադրության դաշինքին։
Հըզբոլլահն ամբողջությամբ կամ միայն նրա ռազմական թեւը 21 պետությունների, այդ թվում՝ ԵՄ-ի, իսկ 2017-ից ի վեր նաեւ Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների մեծամասնության կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն:
Հըզբոլլահը պնդում է, որ օրինական դիմադրության շարժում է, որը պայքարում է հանուն Լիբանանի տարածքի ազատագրման։
Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ՝ 1985-ին, Հըզբոլլահը ներկայացրել է իր մանիֆեստը, որտեղ սահմանված էին նրա նպատակները. «Լիբանանից վտարել ամերիկացիներին, ֆրանսիացիներին եւ նրանց դաշնակիցներին, վերացնել հողում գտնվող ցանկացած գաղութարար կառույց»: