Երեւանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) մեկնարկած առաջին հայ-ֆրանսիական գիտաբժշկական համաժողովը երկու երկրների գործընկերների հերթական հանդիպումն էր եւ երկարամյա բարեկամության նոր վկայությունը։
Օրակարգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում վիրավորված զինվորների առողջության վերականգնմանն ուղղված համագործակցության շուրջ քննարկումներն էին:
Գիտաժողովի հյուրերին ողջունեց ԵՊԲՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը։ «Մեր երկու ժողովուրդները կարողացել են հասունացման ամենաբարձր դրսեւորմամբ ձեւավորել «Զինվորի տուն» հաստատությունները: ԵՊԲՀ-ի հենքով ձեւավորված «Զինվորի տունը» կրկնօրինակեց Փարիզի «Հաշմանդամների տունը», որը խորհրդանշում է զինվորական փառքը: Այս կենտրոնում բուժում են ստացել 5000 երիտասարդներ, որոնք պրոթեզավորվել են, ստացել կրթություն»,- նշեց ռեկտորը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն նշել է, որ մեծ է նաեւ ֆրանսիացի բժիշկների աջակցությունը համավարակի պայմաններում, ինչն առավել դրսեւորվեց պատերազմի օրերին:
44-օրյա պատերազմի հենց առաջին օրերից հայ բժիշկների կողքին էին ֆրանսիացի գործընկերները: Երբ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստան այցելեց առաջին առաքելությունը՝ իր հետ բերելով մարդասիրական օգնություն եւ բժշկական սարքավորումներ, աջակիցների թվում էին նաեւ մի շարք ֆրանսահայ բժիշկներ: Նրանցից մեկը սիրտ-անոթային վիրաբույժ Լեւոն Խաչատրյանն է, որը պատերազմի լուրը լսելուն պես համակարգել էր մարդասիրական օգնությունը եւ ուղեւորվել հայրենիք:
Հենց առաջին օրը նա արեց ծայրահեղ բարդ վիրահատություն, որը բարեհաջող ավարտեց, սակայն, ցավոք, վիրահատության էին սպասում նոր վիրավորներ։
Պատերազմի օրերին ֆրանսիացի բժիշկներն իրականացրել են ոսկրահոդային, բեկորային վնասվածքների բարդ վիրահատություններ, պրոթեզավորում: Կատարվել է մասնագիտական փորձի փոխանակում, եղել են խորհրդատվություններ:
Կազմակերպվել են այցեր Գյումրու,Վանաձորի բժշկական կենտրոններ: Համագործակցության հուշագիր է կնքվել Գյումրու հիվանդանոցի հետ: Փրկվել են բազում երիտասարդների կյանքեր, որոնք շարունակում են պաշտպանել հայրենիքի սահմանները:
Իր ելույթում Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Անն Լույոն ասաց, որ այս ընթացքում 15-ից ավելի առաքելություն է այցելել Հայաստան: Ֆրանսիացի մասնագետները մեծ ներգրավվածություն են ունեցել վիրավորների վերականգնման գործում:«Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին, նախագահ Էմանուել Մակրոնը մշտապես եղել է Հայաստանի կողքին: Մենք գիտենք, թե ինչպիսի հետեւանքներ ունեցավ այս պատերազմը»,- նշեց դեսպանը:
Հայրենիքի պաշտպանների կյանքեր փրկած բժիշկների թվում է օրթոպեդիկ վնասվածքաբանության ամբիոնի վարիչ Թիերի Բեգը (Հանրային օգնության Փարիզի հիվանդանոցների ցանց), որը բուժել է մոտ 45 զինվորի: Բժշկի կիրառած Մասկելեի (ոսկրային հյուսվածքի փոխարինման) տեխնիկան հնարավորություն է տվել շատ կարճ ժամանակահատվածում ապահովելու հյուսվածքի վերականգնում։ Այլ կերպ ամիսներ կտեւեր:
«Իմ աշխատանքային գործունեությունը ծավալել եմ «Էրեբունի» հիվանդանոցում, որտեղ բերում էին մեծ թվով զինվորների: Հայ բժիշկների հետ ունեցել ենք քննարկումներ: Կիրառել ենք տեխնիկական նոր մեթոդներ, որոնք շատ արագ ընդունվեցին»,- ասաց պրոֆեսոր Բեգը:
Առաջին նիստում անդրադարձ կատարվեց նաեւ պատերազմում ֆոսֆորով այրվածքների բուժմանը: Հաջորդ օրերին զեկուցողները կներկայացնեն ոսկրահոդային ինֆեկցիաներին, նյարդային-օրթոպեդիկ վնասվածքներին առնչվող զեկույցներ: Կքննարկվեն նաեւ առողջապահության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները:
Գիտաժողովը կազմակերպվել է Հանրային օգնության Փարիզի հիվանդանոցների ցանցի (AP-HP), Լիոնի քաղաքացիական բուժհաստատությունների ցանցի (HCL) եւ Լե Վինատիեր բժշկական կենտրոնի հետ համագործակցությամբ:
Ալմաստ Մուրադյան