Պաշտոնապես Հայաստանում գործազրկությունը 17 տոկոս է: Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով՝ մեր երկրում այս տարի կա 193 հազար գործազուրկ: Նրանցից աշխատանք է փնտրում եւ աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարարության միասնական սոցիալական ծառայությունում` նախկին զբաղվածության կենտրոնում, գրանցված է մոտ 60 հազարը: Իհարկե, այս ծառայությունում եւս 30 հազար աշխատանք փնտրող է գրանցված, բայց նրանք գործազուրկ չեն, աշխատանք ունեն, պարզապես ցանկանում են պետության աջակցությամբ ավելի լավ գործ գտնել:
Իսկ թե ինչպես է պարզվել, որ գործազուրկների թիվն ավելի քան երեք անգամ մեծ է, քան այս ծառայությունում գրանցվածներինը, Վիճակագրական կոմիտեի աշխատանքի վիճակագրության բաժնի ղեկավար Լուսինե Քալանթարյանն ասում է՝ դա շատ լուրջ գիտություն է եւ ծանր աշխատանք:
«Աշխարհում կա ընդունված գործիք, որը կոչվում է աշխատուժի ընտրանքային հետազոտություն։ Դա շատ ավելի իրական պատկեր է տալիս: Մեր հատուկ ուսուցանված անձնակազմը հատուկ մեթոդաբանությամբ ամեն ամիս կատարում է այդ հետազոտությունը, բայց հրապարակում է եռամսյակը մեկ։ Կարող եմ ասել, որ այսօր դա Հայաստանում կատարվող ամենամեծ հետազոտությունն է»,- ասում է նա:
Այդ լուրջ գիտության համաձայն՝ աշխատանք չունեցող ոչ բոլոր մարդիկ են համարվում գործազուրկ: Գործազուրկ են նրանք, ովքեր աշխատանք են փնտրում, այդ նպատակով գրանցվել են Միասնական սոցիալական ծառայությունում եւ ակնկալում են այդ կառույցի աջակցությունը։ Նաեւ նրանք, ովքեր համացանցով, ծանոթ-բարեկամների միջոցով, անձամբ գործատուներին դիմելով եւ այլ ճանապարհներով գործ են փնտրում: Եվ եթե հարմար մի բան առաջարկվի, նրանք կցանկանան աշխատել:
Քալանթարյանն ասում է՝ կա չաշխատող մարդկանց մի խումբ, որը չի էլ ուզում աշխատել կամ տարբեր պատճառներով չի կարող: Օրինակ՝ տանը զբաղվածությունը մեծ է, ամուսինը թույլ չի տալիս, ապահովված է ու աշխատելու ցանկություն չունի եւ այլն: Նրանք թեեւ համարվում են աշխատուժ, բայց չեն համարվում գործազուրկ:
Իսկ պետությունն ի՞նչ է անում արդեն պաշտոնապես գործազուրկ համարվող մարդկանց, թեկուզ ոչ այդ 193 հազարին, այլ միայն ծառայությունում գրանցված եւ օգնության դիմած 60 հազարին աշխատանքով ապահովելու համար: Նրանց գործ առաջարկո՞ւմ են:
Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, թե այդ նպատակով իրենք ամեն տարի ավելի քան մեկ տասնյակ ծրագրեր են իրականացնում:
«Ունենք պրակտիկայի ծրագիր, որը ենթադրում է ուղիղ համագործակցություն գործատուի հետ: Կան մեզ հետ համագործակցող գործատուներ, որոնց մոտ մենք մեր շահառուներին 3 ամիս պրակտիկայի ենք ուղարկում եւ նրանց փոխարեն 3 ամիս վճարում ենք 68 հազար դրամ աշխատավարձ: Նաեւ ասեմ, որ այս դեպքում կա երկու ծրագիր, մեկը արցախցիների համար է, նրանց յուրաքանչյուր ամիս 100 հազար դրամ ենք վճարում: Մինչեւ սեպտեմբեր այդ ծրագրի շահառու են եղել 272 ՀՀ քաղաքացի եւ 388 Արցախի քաղաքացի»,- ասում է Սարգսյանը:
Մեկ այլ` գործազուրկների մասնագիտական ուսուցման ծրագրով շահառուների համար ԿԳՄՍ-ի միջոցով 5 ամիս տեւողությամբ համապատասխան դասընթացներ են կազմակերպում եւ տվյալ մասնագիտության շրջանակում որոշակի փորձ ձեռք բերելու հնարավորություն ընձեռում: Այս ծրագրով հիմնականում միջին մասնագիտական, արհեստագործական հմտություններ են փոխանցվում:
Գործատուները կենտրոնին դիմում են հիմնականում ծառայությունների ոլորտի աշխատողների՝ վաճառողի, մատուցողի, առաքիչի, հավաքարարի, հաշվապահի, նաեւ միջին օղակների բուժաշխատողների պահանջով: Իսկ գործազուրկներն ակնկալում են ամենատարբեր աշխատանքներ։ Նրանք հիմնականում չունեն բարձրագույն կրթություն եւ ոչ մրցունակ աշխատուժ են: Պետությունն իր այս ծրագրերով փորձում է նրանց մրցունակ դարձնել աշխատաշուկայում։
Պետությունը զբաղվածության ծրագրեր է իրականացնում նաեւ սահմանամերձ եւ բարձրլեռնային գյուղերի խոցելի ընտանիքների համար: Օրինակ՝ սեզոնային աշխատանքի ծրագրով, եթե ընտանիքն ունի մինչեւ 3 հա հող, պետությունը նրան դա մշակելու համար օրական 4000 դրամ է տալիս: Այս տարի այդ ծրագրից օգտվել է 985 մարդ։
«Այսինքն՝ նա որպես վարձու աշխատող է մշակում սեփական հողը, եւ ստացած բերքն էլ ինքն է օգտագործում: Այդ ծրագիրը նպաստել է, որ շահառուն մնա իր հողի վրա, կանխել է արտագաղթը, նպաստել է աղքատության նվազմանը: Անասնապահության ծրագիրը հնարավորություն է տալիս գյուղական համայնքների աղքատ ընտանիքներին կենդանիներ, հիմնականում՝ կով տրամադրելու: Յուրաքանչյուր շահառուի տրվում է 1,2 մլն դրամ, որով կարող է կով եւ անասնակեր ձեռք բերել, ինչպես նաեւ օգտվել անասնաբույժի ծառայություններից»,- ասում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյան` հավելելով, թե ծրագրի իրականացման ընթացքում իրենք հետեւում են, թե արդյոք շահառուն ստացած գումարը նպատակային է օգտագործում:
Այս տարի վերը նշված եւ այլ ծրագրերում ներգրավվել է 3530 շահառու, իսկ սեպտեմբերի 1-ի դրությամբ 6030 մարդ աշխատանքի է ընդունվել: Այսինքն՝ ծառայությունում գրանցվածների եւ ոչ թե իրական գործազուրկների ընդամենը 5-6 տոկոսն է հնարավորություն ունենում օգտվելու պետության աջակցությունից, եւ 10 տոկոսին է հաջողվում աշխատանք գտնել:
«Ծրագրերի քանակը պայմանավորված է բյուջեի հնարավորություններով»,- ասում է Ժորա Ավետիսյանը:
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը, սակայն, պնդում է, որ գործող իշխանություններն անտեսել են զբաղվածության ծրագրերն ու չեն օգտագործում դրանց ներուժը: Եվ չեն կարողանում նախատեսված փոքր բյուջեն մինչեւ վերջ նպատակային օգտագործել։
Նա հիշեցնում է, որ 2018-ից այդ ծրագրերը թերակատարվել են, եւ հատկացված գումարները վերաբաշխվել են այն դեպքում, երբ առանց այդ էլ շահառուները շատ քիչ են՝ ընդամենը 3000-4000 մարդ։ Իսկ վերջին տարիներին այդ ծրագրերի համար տարեկան ընդամենը 2-2,1 մլրդ դրամ է հատկացվում։
«Եվ որպեսզի թաքցնեն ցածր կատարողականը, 2022 թվականի բյուջեով պարզապես հատկացվող գումարը 25 տոկոսով կրճատել են, ընդամենը 1,5 մլրդ դրամ են նախատեսել։ Արդյո՞ք դա բխում է կառավարության ծրագրից: Միանշանակ՝ ոչ: Չէ՞ որ կառավարությունը հռչակում է, որ իրենց հիմնական ուղղությունը սոցիալական է, նպաստից դեպի աշխատանք»,- ասում է Ավետիսյանը։
Հայաստանում գործազրկության մակարդակը բարձր է, այն խորացնում է սոցիալական խնդիրները, ինչի հետեւանքն էլ աղքատության աճն է։ Նաեւ դա է պատճառը, որ մեր երկրում բարձր է աղքատության մակարդակը՝ 26 տոկոս։
«Ես փաստում եմ, որ գործազրկության կրճատման հիմնական գործիքը պետական աջակցության զբաղվածության ծրագրերն են: Բայց այս տեմպերով 3-4 տարի հետո այդ ծրագիրը չենք էլ ունենա»,- եզրափակում է Թադեւոս Ավետիսյանը։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։