Երբ «Сила есть – ума не надо» դեմքով ՔՊ-ական պատգամավորները (էդպիսիք շատ են, որեւէ մեկին չառանձնացնեմ, որ մյուսները չնեղանան) խոսքի ազատությունը հանգեցնում են «չաքուջով» հարվածել-չհարվածելու, չեմ զարմանում ու չեմ զայրանում նույնիսկ. դե, մարդիկ կյանքում ոչ մի անգամ մտածելու համար նախատեսված օրգանը չեն աշխատեցրել, բռունցք թափահարելուց եւ աքացի տալուց բացի այլ արգումենտ էլ չգիտեն։
Բայց երբ իրենց ինտելեկտուալ համարող հատուկենտ ՔՊ-ականներն են (մի՛ զարմացեք, էդպիսիք էլ կան) արտահայտվելու ազատության իրավունքը հանգեցնում միայն ցանցային ազատ գրառումներին, որոնց իրենք «չաքուջով» չեն պատասխանել, ապա այստեղ զայրույթս ակամա գլուխ է բարձրացնում։ Մանավանդ, վստահ եմ, մինչ «կարկառուն» դառնալն այդպես չեն համարել։
Հիմա փորձեմ մի երկու բան բացատրել՝ հույս ունենալով, որ ՔՊ-ում իսկապես դեռ մնացած կլինեն անձինք, որոնք, ի տարբերություն իրենց շեֆերի, չեն կորցրել մտածելու, ընկալելու եւ եզրակացություններ անելու ընդունակությունը (հասկանում եմ, որ ֆանտաստիկ ենթադրություն է, բայց, դե…)։
Հարգելինե՛րս, խոսքի ազատության մակարդակի մասին դատում են ոչ թե նրանով, թե ինչ գրառումներ են կատարվում սոցցանցերում, այլ բազմաթիվ գործոններ նկատի ունենալով։ Դրանցից երեքի մասին՝ ստորեւ։
Առաջինն օրենսդրական դաշտն է. որքանո՞վ է այն նպաստում կամ խանգարում այդ իրավունքի իրացմանը։ Վերջին մեկ տարվա ընթացքում հայրենի խորհրդարանն առնվազն երկու օրենք է ընդունել, որոնք այդ դաշտը վատացրել են։
Մեկը Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններն են, որն առաջարկել է Ալեն Սիմոնյանը։ Ըստ արդեն ընդունված փոփոխությունների՝ վիրավորանքի համար փոխհատուցման վերին սահմանը մեկ միլիոն դրամից դարձել է երեք միլիոն, իսկ զրպարտության դեպքում՝ 2 միլիոնից 6 միլիոն։ Ի դեպ, մի քանի օր առաջ Սահմանադրական դատարանն այս փոփոխությունը համարեց Սահմանադրությանը չհակասող։ Այդ անընդունելի որոշման մասին լրագրողական կազմակերպություններն արդեն հանդես են եկել հայտարարությամբ, հարկ չկա կրկնելու։
Երկրորդ խնդրահարույց օրենքն այսպես կոչված «ծանր վիրավորանքը» քրեականացնելն է։ Ընդ որում՝ բազմիցս է ասվել, որ այստեղ «հայհոյանք» հասկացությունը սահմանված չէ, եւ ցանկացած կիսագրագետ ոստիկան կամ քննիչ, որի կարդացած վերջին գիրքը երեւի «Գնդիկ բոքոնիկ» հեքիաթն է եղել, կարող է որոշել, որ, ասենք, նվաստիս գեղարվեստական խոսքը (պատմվածքներումս կան «կոլորիտային» արտահայտություններ) իր մեջ հայհոյանք է պարունակում, ու քրեական գործ հարուցել։
Ահա եւ ձեզ երկու օրենսդրական «չաքուջ»։ Եթե այս երկուսին էլ ավելացնենք մի խումբ դիլետանտների հեղինակած՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը, որը հաստատ կընդունվի, քանի որ 99 տոկոս հավանականությամբ ամբողջ ՔՊ խմբակցությունը դրան կողմ կքվեարկի, ապա պատկերը կամբողջանա։ Հիմա հասկացա՞ք, որ օրենսդրության առումով հետընթաց է եղել։ Առարկություններ ունե՞ք։
Արտահայտվելու ազատության երկրորդ բաղադրիչը գործնականում եղած ճնշումներն են լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ։ Եթե ոչ մի այլ բան էլ չլինի, միայն այն, որ Ազգային ժողովի անվտանգության աշխատակիցները լրագրողներին դուրս հանեցին նրանց համար նախատեսված օթյակից կամ անընդհատ խոչընդոտում են նրանց գործունեությունը, իսկ հավատարմագրման կարգով էլ սահմանափակվում է լրագրողների տեղաշարժը Ազգային ժողովում, ապա էլ ի՞նչ ազատության մասին է խոսքը։
Ավելացնենք, որ բան չի փոխվել նաեւ հեռարձակման ոլորտում, այն իմաստով, որ «Ա1+» հեռուստաընկերությունը դարձյալ հեռարձակման լիցենզիա չստացավ, դրա փոխարեն լիցենզավորման մրցույթը հաղթեց մի անհայտ «Ֆրի Նյուզ» (գրությունն իրենցն է, ես մեղք չունեմ։ Ընդսմին, միայն ոչ հայկական անվան համար ես կմերժեի նրան լիցենզիա տալ)։ Մենք, իհարկե, չենք կասկածում, որ «Ֆրի Նյուզը» ազնիվ պայքարում է հաղթել, բայց, թույլ տվեք չհավատալ, որ կհաղթեր, եթե չասոցացվեր Ալեն Սիմոնյանի ու նրա կնոջ հետ։
Հա, ի դեպ, ոնց կարող է խոսքի ազատությունը բարձր մակարդակի վրա լինել, երբ Ազգային ժողովի նախագահը «դեղին մամուլ» է անվանում Հայաստանի ամենապրոֆեսիոնալ լրատվամիջոցներից մեկին, որը ոչ միայն Հայաստանում, այլեւ արտասահմանում մեծ հեղինակություն է վայելում։ Իսկ «դեղին» անվանեց, ինչ է թե լրատվամիջոցը բացահայտել է, որ ԱԺ նախագահի եղբոր կազմակերպությունը ասֆալտապատման մրցույթ է շահել (ի դեպ, խոսքի անազատության ցուցիչ է նաեւ այն, որ նախկինում կոռուպցիայի դեմ պայքարած անխոնջ մարտիկները, որ հիմա ՔՊ-ական պատգամավոր են, այս դեպքում կոռուպցիոն ռիսկ չեն տեսնում… Դո՞ւք էլ ծիծաղեցիք)։
Դե, իհարկե, ով քննադատում է «ճաճանչափայլ արեգակ» Նիկոլին, «արեգակի ստվեր» Ալենին եւ ընդհանրապես դարաշրջանի միտք ու պատիվ ՔՊ-ին, «դեղին մամուլ» է։
Փաստորեն ես էլ վաղուց «դեղնել» եմ։
Եվ վերջապես, երրորդ բաղադրիչն իրավակիրառական պրակտիկան է։ Ըստ որոշ տեղեկությունների՝ հայհոյանքի քրեականացումից հետո արդեն տասնյակ գործեր են հարուցվել, իսկ ոստիկանությունն էլ հրաժարվում է այդ մասին տեղեկություններ տալուց՝ հղում անելով նախաքննական գաղտնիքին։ Դե, նաեւ դրա համար են այս փոփոխությունը Քրեական օրենսգրքում մտցրել, որ մինչեւ դատարան գնալը նախաքննական գաղտնիքները շատ լինեն, ոնց ուզեն, գործ հարուցեն։ Ու դեռ կհարուցեն, որովհետեւ Նիկոլի անվան կողքին դրված ցանկացած մակդիր իրենց համար հայհոյանք է։
Տեսա՞ք, պարոնայք եւ տիկնայք ՔՊ-ական «ինտելեկտուալներ», առնվազն երեք բաղադրիչով հետընթաց կա։ Իսկ դուք ասում եք՝ խոսքի ազատությունը մեզ մոտ աննախադեպ բարձր մակարդակ ունի։
Եթե այսքան մանրամասն բացատրելուց հետո էլ ոչինչ չհասկացաք կամ, ավելի ճիշտ, չուզեցիք հասկանալ, նշանակում է՝ իշխանության բարիքներից արդեն փառ է կապել ոչ միայն ձեր աչքերին, այլեւ ուղեղներին, եւ ձեր դեգրադացիան սրընթաց «զարգանում» է։
Մինչեւ ո՞ւր։
Հ. Գ. Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ դիմել է Սահմանադրական դատարան՝ «անորոշ ձեւակերպումներով լի ծանր վիրավորանքի քրեականացումը վիճարկելու հարցով»։ Եթե ՍԴ-ն Քրեական օրենսգիրք ներմուծված այդ (137.1) հոդվածն էլ համարեց Սահմանադրությանը համապատասխանող, ապա Նիկոլ Փաշինյանը կարող է հանգիստ քնել ու համարել, որ ՍԴ-ն նույնպես արդեն իր գրպանում է։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։