Ըստ բրիտանական «Reuters» գործակալության՝ Թուրքիան ընդլայնել է «Bayraktar TB2» մարտական անօդաչու սարքերի արտահանումը Եթովպիա եւ Մարոկկո։
Գործարքի մասին պաշտոնապես չի հայտարարվել, սակայն գործակալությանը հայտնի է դարձել, որ Մարոկկոն արդեն ստացել է մարտական անօդաչուների առաջին խմբաքանակը, որը պատվիրել էին դեռ մայիսին: Եթովպիան նույնպես նախատեսում է գնել դրանք։
«Reuters»-ը նշել է, որ այս փաստը կարող է լարվածություն մտցնել Անկարայի եւ Կահիրեի միջեւ, որոնց հարաբերություններն առանց այդ էլ լարված են։ Կահիրեն արդեն իսկ դիմել է ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին` խնդրելով օգնել սառեցնելու այդ գործարքը։
Ըստ աղբյուրի՝ Եթովպիան ու Մարոկկոն են խնդրել «Bayraktar TB2» ԱԹՍ մատակարարել, պայմանագրերում էլ առանձին կետեր կան պահեստամասերի մատակարարման եւ ԱԹՍ-ների կառավարման համար անձնակազմի ուսուցման վերաբերյալ։
Թուրքիան 50 տոկոսով ավելացրել է մատակարարումներն Ադրբեջանին
Ըստ ռուսական «Ինտերֆաքս» գործակալության՝ Թուրքիան տարեսկզբից 50 տոկոսով ավելացրել է 1821 միլիոն դոլարի պաշտպանական եւ ավիացիոն արդյունաբերության մատակարարումներն Ադրբեջանին։
Թուրք արտահանողների միության խորհրդի անդամ Սելահեդին Քափլանը հայտարարել է, որ Ադրբեջանին այդ ապրանքների մատակարարումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 49, 6%-ով:
Ընդհանուր առմամբ, 9 ամսում թուրքական արտահանումն Ադրբեջան կազմել է 1,73 միլիարդ դոլար (աճը` 16,5%): Մասնավորապես, Ադրբեջանը Թուրքիայից քիմիական արտադրանք է արտահանել 372,802 միլիոն դոլարով (աճը` 22,1%), էլեկտրոնիկա` 136,6 միլիոն դոլարով (աճը` 12,4%), կահույք, թուղթ, փայտանյութ` 104,6 միլիոն դոլարով (աճը՝ 8,8%)։ Մնացած ծավալը բաժին է ընկել այլ ապրանքների: