Կուբայի Հանրապետությունը հեշտացնում է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից ժամանող զբոսաշրջիկների մուտքը երկիր։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոկտեմբերի 14-ի հեռավար նիստում ԵԱՏՄ դիտորդ Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Դիաս Կանելը, դրա մասին հայտնելով, ընդգծել է, որ նոյեմբերի 15-ից սկսած՝ Կուբա ժամանող զբոսաշրջիկներից ՊՇՌ թեստի հավաստագիր չի պահանջվի, կճանաչվեն պատվաստման հավաստագրերը:
«Մենք պատրաստ ենք բարենպաստ եւ գրավիչ պայմաններ ստեղծելու միության անդամ պետությունների զբոսաշրջիկների համար: Դրա համար հարկավոր է տարբեր ուղիներով, միջտարածաշրջանային հարթակներով եւ լրատվամիջոցներով առաջ մղել Կուբան՝ որպես զբոսաշրջային ուղղություն: Նոյեմբերի 15-ից, երբ պատվաստված կլինի Կուբայի բնակչության ավելի քան 90 տոկոսը, մեր սահմանները կսկսեն աստիճանաբար բացվել, ինչպես նաեւ կմեղմացվեն սանիտարահիգիենիկ միջոցառումները ժամանող ուղեւորների համար»,- շեշտել է Կուբայի նախագահը:
«Մենք նախօրոք ողջունում ենք մեր հյուրերին՝ եղբայրներին եւ քույրերին Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից եւ Հայաստանից»,- հայտարարել է Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը։