Վատիկան կատարած այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Վատիկանյան լուրեր»-ի հայկական բաժնին: Լրագրողի խնդրանքով, մեկնաբանելով իր վատիկանյան ելույթներից մեկում հնչած «Մեր ժողովրդի բնական հարստությունը հենց ինքը՝ ժողովուրդն է» արտահայտությունը, Արմեն Սարգսյանն ասել է.
«Կրկին ուզում եմ հաստատել, որ եթե մեր ժողովուրդն ունի մեկ մեծ հարստություն, դա ինքը՝ ժողովուրդն է եւ իր պատմությունը: Այսինքն՝ ժողովուրդ ասելով հասկանում եմ իր մշակույթը, կրթությունը, հոգեւոր արժեքները, կրոնը, ամեն ինչ։ Եվ ոչ միայն այսօր, այլեւ հազարամյակների պատմության հետ միասին: Ցավոք, մենք բավարար չափով չենք օգտագործում մեր բնական հարստությունը, ընդհակառակը՝ պատնեշներ ենք ստեղծել մասնավորապես սփյուռքի եւ Հայաստանի միջեւ։ Ամենաբարձր մակարդակի պրոֆեսիոնալ մարդը, որ ապրում է սփյուռքում, ցավոք, չի կարող գալ Հայաստան եւ միանգամից նվիրվել աշխատանքի, դառնալ, օրինակ, կառավարության անդամ կամ նախարար։ Սահմանադրության մեջ սահմանափակում է դրված, որ մարդը վերջին չորս տարում պետք է միայն Հայաստանում ապրած լինի եւ ունենա միայն հայկական անձնագիր։ Կարծում եմ, որ 21-րդ դարում դա սխալ է։ Սխալ է, որովհետեւ մեր մեծ հսկա պոտենցիալն արտասահմանում որեւէ կերպ չի օգտագործվում։ Բազմաթիվ փայլուն օրինակներ կան. այսօրվա Ռուսաստանի կառավարության երկու կարեւորագույն քաղաքական առաջնորդները հայկական ծագում ունեն եւ այդպես` բազմաթիվ երկրներում:
Իմ սիրելի օրինակներից մեկը, որ ես միշտ բերում եմ, լորդ Արա Դարզին է: Ծագումով իրաքահայ է, որ Մեծ Բրիտանիայում կրթություն է ստացել, իրականում Բրիտանիայի համար մեկ վիրաբույժն է, եղել է Բրիտանիայի առողջապահության նախարար, դարձել է լորդ, «Իմպերիալ քոլեջ» գիտահետազոտական կենտրոնի հիմնադիրն է եւ տնօրենը: Բայց այդ հսկա մարդը, որ նաեւ լավ հայ է (երկու-երեք օր առաջ էլ, ի դեպ, միասին էինք Վենետիկում), չի կարող դառնալ Հայաստանի առողջապահության նախարար, եւ դա աբսուրդ է: Մարդը հայրենասեր է, աշխարհի լավագույն մասնագետներից մեկը, եւ մենք փոխանակ լավագույնը բերենք Հայաստան, սահմանափակումներ ենք դնում: Եթե հետեւելու լինենք Սահմանադրությանը, ապա ո՛չ Քըրք Քըրքորյանը, ո՛չ Շառլ Ազնավուրը չէին կարող Հայաստանի նախագահ դառնալ: Որպեսզի դառնային, ուրեմն Ազնավուրը վերջին վեց տարին պետք է գար միայն Հայաստանում ապրեր եւ միայն հայկական անձնագիր կրեր: Եվ սա՝ 21-րդ դարում, երբ աշխարհն իրար հետ այսպես սերտ կապված է, երբ որ իրական ուժը կապվածության մեջ է, երբ որ մեր առավելությունն այն է, որ փոքրիկ Հայաստանն աշխարհի ցանկացած կետում ունի իր ներկայացուցիչները:
Եվ այդ իմաստով իմ առջեւ դրված կարեւորագույն խնդիրներից մեկը համարում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունը։ Նախ այն հավասարակշռված չէ քաղաքականորեն, հակակշիռների լծակներ չկան եւ ի վերջո բազմաթիվ այլ թերությունների հետ այն ունի սահմանադրական օրենքներ, որոնք ուղղակի թույլ չեն տալիս, որ մեր ժողովուրդը՝ մեր ամենամեծ հարստությունը, ծառայի հայրենիքին»։
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։