Եռօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանած Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին այցն ավարտել է «Արմավիր» ՔԿՀ այցելությամբ։ Նա ծանոթացել է պահվող անձանց կեցության պայմաններին, Իրանի քաղաքացիների առողջության պահպանման եւ սպասարկման համար քրեակատարողական հիմնարկի կարողություններին:
Մոնթազերին գոհունակություն է հայտնել ԻԻՀ քաղաքացիների համար քրեակատարողական հիմնարկում ստեղծված պայմանների, նրանց իրավունքների ապահովման վիճակի կապակցությամբ:
Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում Իրանի 35 քաղաքացի կա։ Նրանք հիմնականում «Արմավիր» քրեակատարողականում են։
Նրանցից 10-ի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կա, 7-ի վերաբերյալ թեեւ կա դատավճիռ, սակայն դրանք բողոքարկման փուլում են, իսկ 18 անձ նախնական կալանքի տակ է:
2020-2021 թվականների ընթացքում Հայաստանն Իրանին է հանձնել ԻԻՀ 47 քաղաքացու՝ իրենց հետագա պատիժը հայրենիքում կրելու նպատակով:
Համատեղ դիմագրավել տարածաշրջանային մարտահրավերներին
Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին Հայաստանում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով։ ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպումից բացի՝ Մոնթազերին նախօրեին հանդիպել է նաեւ ՀՀ վարչապետի հետ։
ԻԻՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ Իրանն առանձնակի կարեւորում է Հայաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: Նա շեշտել է, որ երկու երկրների բազմադարյա, բարիդրացիական ու բարեկամական հարաբերությունները լավ հիմք են՝ համատեղ դիմագրավելու տարածաշրջանում առկա մարտահրավերներին եւ գտնելու անհրաժեշտ լուծումներ՝ իրացնելով նաեւ առկա մեծ ներուժը:
«Մենք շահագրգիռ ենք Հայաստանի հետ կապերի զարգացմամբ՝ ի շահ մեր երկրների»,- նշել է Մոնթազերին:
Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին ընդգծել է, որ Իրանը հարեւանների հետ հարաբերություններում առաջնորդվում է բարիդրացիության քաղաքականությամբ, միեւնույն ժամանակ երբեք թույլ չի տա, որ երկրի սահմանների երկայնքով տեղակայվեն ահաբեկիչներ եւ պատերազմ հրահրող ուժեր: