ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հոկտեմբերի 15-ին՝ 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, մասնավորապես Երասխ գյուղի եւ այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը եւ խոտի դեզերը։
ՀՀ ԶՈՒ անձնակազմի եւ քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։
Ըստ ՀՀ ԱԻՆ-ի՝ նախնական տվյալներով այրվում է մոտ 8000 հակ անասնակեր։
Ապառազմականացված գոտի ստեղծելու հրամայականը
Ըստ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ Արարատի մարզի Երասխ գյուղը պարբերաբար, գիշեր թե ցերեկ ենթարկվում է ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությանը։
ՀՀ ՄԻՊ-ը նշել է, որ 2021-ի հոկտեմբերի 15-ի 12:00-ից սկսած՝ գյուղը կրկին ենթարկվել է թիրախային գնդակոծության:
«Ադրբեջանական զինծառայողների սանձարձակությունն այն աստիճանի է հասել, որ դիտավորյյալ կրակոցներով 13:15-ի սահմաններում հրդեհել է Երասխ համայնքի բնակչի խոտի 8 հազար հակ: Ոչնչացվել է ձմռան ողջ պաշարը, որ քաղաքացին իր կենդանիներին կերակրելու համար չարչարանքով հավաքել էր ողջ տարի»,- շեշտել է ՄԻՊ-ը:
ՄԻՊ-ն ընդգծել է՝ հաշվի առնելով, որ ադրբեջանական դիրքերը գյուղի անմիջական հարեւանությամբ են՝ ակնհայտ է, որ ադրբեջանական զինծառայողները գիտակցված վնասում են գյուղացիներին, ոչնչացնում նրանց գույքը, խախտում նրանց կյանքի ու սեփականության իրավունքը, խաթարում խաղաղ կյանքն ու անվտանգությունը:
Թաթոյանը շեշտել է, որ պետք է անհապաղ սկսվի Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների շուրջ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու եւ ադրբեջանական զինված ծառայողներին ՀՀ գյուղերի հարեւանությունից, համայնքների միջեւ ճանապարհներից անհապաղ հեռացնելու գործընթաց:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի այս առաջարկն արդեն տեղ է գտել միջազգային կոնկրետ փաստաթղթում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2021 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 2391 (2021) բանաձեւում:
Մարդու իրավունքների պաշտպանը դրա մասին համապատասխան հաղորդումներ կուղարկի նաեւ միջազգային կառույցներին ու ՀՀ պետական մարմիններին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին:
«Ակնհայտ է, որ այս հանցավոր ոտնձգությունների, մարդկանց իրավունքների կոպիտ խախտումների հիմքը, դրանց սնուցման աղբյուրը մեկն է՝ ադրբեջանական իշխանությունների հայատյաց ու թշնամանքի, էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականությունը: Այս քաղաքականությունն ունի ինստիտուցիոնալ հիմքեր, ու քանի դեռ հանցանք կատարողները չեն պատժվել, խախտումները չեն վերանալու, մարդկանց անվտանգությունը չի ապահովվելու»,- ընդգծել է Արման Թաթոյանը: