ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը, որի հետեւանքով Արցախի Նորշեն գյուղի մերձակայքում վիրավորվել է Արցախի պաշտպանության բանակի 6 զինծառայող։
ՀՀ ԱԳՆ-ն նշել է, որ ադրբեջանական կողմը շարունակել է հրադադարի խախտումները նաեւ հոկտեմբերի 15-ին Արցախի հյուսիսարեւելյան ուղղությամբ՝ գնդակոծելով պաշտպանության բանակի սանիտարական մեքենան:
Արտգործնախարարությունն արձանագրել է, որ ադրբեջանական կողմից մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման երկրորդ լուրջ միջադեպն է, որի հետևանքով տուժում են քաղաքացիական եւ զինվորական անձինք։ ՀՀ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ հոկտեմբերի 9-ին Արցախի Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու ժամանակ դիպուկահար կրակոցից սպանվել էր քաղաքացիական անձ Արամ Տեփնանցը․ ՀՀ ԱԳՆ համապատասխան հայտարարության մեջ հստակ նշված էր այդ հանցագործությունը պատշաճ կերպով հետաքննելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։
«Կարեւորում ենք ՌԴ խաղաղապահ ուժերի միջնորդությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը՝ հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման եւ հետագայում նման միջադեպերի կանխման նպատակով»,- ընդգծված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։