ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինը, հոկտեմբերի 15-ին ելույթ ունենալով Անկախ պետությունների համագործակցության երկրների ղեկավարների խորհրդի նիստում, հայտարարել է, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում զինադադարի ռեժիմի երաշխավորն են:
«Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը հանդես է գալիս որպես զինադադարի ռեժիմի երաշխավոր: Մեր աջակցությամբ իրականացվում է նաեւ մարդասիրական բեռների առաքում, ականազերծվում են տարածքնե։ Ընդ որում, ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, երկու կողմերից, երկու տարածքներում՝ թե՛ Ադրբեջանի տարածքում, թե՛ Հայաստանի տարածքում, վերականգնվում են կենսապահովման համակարգերը, բժշկական օգնություն է տրվում բնակչությանը, իրենց տներն են վերադարձել տասնյակ հազարավոր փախստականներ՝ ավելի քան 52 հազար մարդ»,- ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը նշել է, որ ԱՊՀ-ում տարաձայնություններ եւ հակասություններ լինում են: «Շատ վատ է, երբ այդ հակասությունները հանգեցնում են հակամարտությունների ԱՊՀ անդամ առանձին պետությունների միջեւ, ինչպես դա, դժբախտաբար, տեղի ունեցավ անցյալ տարի Լեռնային Ղարաբաղում»,- ընդգծել է նա:
Պուտինը երախտագիտություն է հայտնել ԱՊՀ պաշտոնակիցներին՝ հակամարտությունը դադարեցնելու հարցում Ռուսաստանի գործողությունները գնահատելու համար:
Մեկնաբանելով հոկտեմբերի 15-ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթները Ղարաբաղի իրադրության եւ ռուսաստանցի խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ՝ Պուտինը նշել է․ «Այդ ամենը եւս մեկ անգամ հաստատում է ռուսական իմաստնությունները, որ նույնիսկ վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը, ամեն գժտություն հաշությամբ է գեղեցիկ եւ այլն»։
Անկախ պետությունների համագործակցության կազմավորման 30-ամյակի կապակցությամբ մասնակից երկրների ղեկավարները հայտարարություն են ընդունել։
Պետությունների ղեկավարները հաստատել են հետագա համագործակցությունը՝ մինչեւ 2030 թվականն ընկած ժամանակաշրջանի համար՝ ԱՊՀ-ի տնտեսական զարգացման ռազմավարության համաձայն:
ԱՊՀ պետությունների ղեկավարները անվտանգության ոլորտում նշել են այնպիսի սպառնալիքներ, ինչպիսիք են միջազգային ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, անդրսահմանային կազմակերպված հանցավորությունը, թմրանյութերի անօրինական արտադրությունն ու շրջանառությունը, ինչպես նաեւ հանցավոր նպատակներով տեխնոլոգիաների օգտագործումը: