«Տվե՛ք մեզ երաշխիքներ, որպեսզի վերադառնանք»,- Երեւանի կենտրոնում հայտարարում են Հադրութից բռնատեղահանված մարդիկ: Դժվար է առարկել, բայց եւ չես կարող համաձայնել, որովհետեւ Արցախում այսօր ապրող 120 հազար մարդուց եւ ոչ մեկը չունի անվտանգության երաշխիք: Չի ունեցել նաեւ քառասունչորսօրյա պատերազմին նախորդած քսանվեց տարիներին:
Խնդիրն, ահա, այստեղ է, թե արցախյան հանրությունը նախապատերզմյան դարաշրջանում ինչո՞ւ չէր բարձրացնում անվտանգության երաշխիքների հարց: Չէ՞ որ գոնե վերջին վեց-յոթ տարիներին պատերազմն արդեն սկսված էր, շփման գծում միջադեպերը գրեթե ամենօրյա էին: Եվ տեղեկատվական հոսքերն ավելի ու ավելի էին նմանվում ռազմաճակատային ամփոփագրի: Մանավանդ՝ ադրբեջանական կողմից:
Չէի՞նք նկատում: Չէի՞նք տեսնում, որ շփման գծում զոհեր ենք ունենում: Նկատում էինք, տեսնում էինք, արձանագրում էինք: Բայց դա, կարծես, ընկալվում էր իբրեւ «օրինաչափություն»: Կոպիտ ասած՝ զոհվողը մենք չէինք, տասնութ-քսան տարեկան զինվորներն էին՝ Վայքից, Գեղարքունիքից, Շիրակից, Երեւանից:
Չէի գրի, եթե Ֆեյսբուքում չհանդիպեի մի շատ ցավոտ գրառման: Հեղինակը վաստակավոր մանկավարժ է՝ Մարտակերտից, որտեղ նոյեմբերի 9-ին թշնամու դիպուկահարը քաղաքացիական անձի է սպանել: Եվ, ուրեմն, յոթերորդ դասարանցի աշակերտներն ուսուցչուհուն հարցրել են. «Մենք այստեղ ապագա ունե՞նք»։ Նա կարկամել է, փորձել ինչ-որ բան հասկացնել: Նրան լսել են, բայց վերջում, միեւնույնն է, մեկն ամփոփել է բոլորի տրամադրությունը. «Մենք այստեղ ապագա չունենք»: Այդպես է, համենայն դեպս, ներկայացրել ուսուցչուհին:
Քառասունչորսօրյա պատերազմից Մարտակերտն, իհարկե, զգալիորեն տուժել է: Բայց Մարտակերտը ռազմաճակատային քաղաք էր նաեւ մինչ այդ: Շատ անգամներ եմ ներկա եղել, թե մարդիկ ինչպես են կրակոցների ձայնից կողմնորոշվում՝ թշնամին ինչ զինատեսակ է գործի դրել, հատկապես ո՛ր ուղղությունից: Այսօր շփման գծում կրակոցներ չկան, բայց մարդիկ ավելի անհանգիստ են: Ինչո՞ւ: Չես կարող հիմնավոր պատասխան գտնել: Չես կարող պատասխանատվություն վերցնել եւ ասել, որ թշնամու դիպուկահարի կրակոցն այլեւս չի կրկնվի: Բայց եւ չես կարող խղճիդ դեմ գնալ եւ չհարցնել. «Իսկ երբ Թալիշում, Մատաղիսում կամ Սեյսուլանի ուղղությամբ հերթական զոհն էինք ունենում, ինչո՞ւ նույն տագնապը չէր պատում մեզ: Յոթերորդ դասարանցին ինչո՞ւ այն ժամանակ չէր հարցնում՝ մենք այստեղ ապագա ունե՞նք»:
Չէր հարցնում, որովհետեւ զոհվածը մարտակերտցի՞ չէր, կորստի ցավն առարկայակա՞ն չէր: Աշակերտը չէր հարցնում, ուսուցչուհին իր դասերի հոգսին էր, շրջանի ղեկավարությունն՝ իր: Բոլորը լսում էին, մի րոպե ցավում, հետո ցրվում տներո՞վ: Ըստ երեւույթին՝ այո: Բանակն արձանագրում էր փաստը, մամուլի ծառայությունը՝ հեղինակում հերթական ցավակցությունը եւ խոր ափսոսանքը, դիվանագետները եւս մեկ անգամ միջնորդներին կոչ էին անում հասցեական քննադատելու հրադադարի խախտման իրական մեղավորին, եւ «խաղաղ կյանքը» վերստին մտնում էր ամենօրյա հունի մեջ: Մինչեւ հրադադարի հաջորդ խախտում, մինչեւ հաջորդ մարդկային կորուստ: Մինչեւ նոր սպասում, որ, ահա, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն, կնախապատրաստվեն Մինսկի խմբի կամ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ բարձր մակարդակի բանակցություններ… Մինչեւ հերթական հուսախաբություն, հրադադարի ավելի կոպիտ խախտում կամ դիվերսիոն ներթափանցում եւ նոր կորուստներ:
Իսկ դպրոցականներն այնտեղ ռազմահայրենասիրական տողանի էին կանգնում, հնչում էին քնարական գեղեցիկ խոսքեր, վերջում՝ որոտընդոստ, բուռն, երկարատեւ ծափեր: Մինչեւ կգար տղաների զորակոչի ժամանակը, եւ ծնողները ոտուձեռ կընկնեին, թե որտեղ են դասավորելու նրանց, որպեսզի դիրքապահ ծառայությունից ինչքան հնարավոր է հեռու լինեն: Այս չէ՞ր «խաղաղության դարաշրջանի» մեր իրականությունը: Այս էր, գոնե այսօր չթաքցնենք: Եվ այն էր, որ բանակը շատ որոշակիորեն նաեւ սոցիալ-կենցաղային հարցեր էր լուծում, դարձել էր մի տեսակ աշխատատեղ:
Այսօրվա տագնապը երեկ պիտի ունենայինք, հնչեցնեինք, արծարծեինք, դարձնեինք հանրային պահանջ. «Մեզ խաղաղություն, աշխատանք եւ վաղվա օրվա անվտանգության երաշխիքներ են պետք»: Քաղաքացու մեր պարտքը կատարե՞լ ենք: Ո՛չ: Մենք տրվել ենք «պատմական վրեժխնդրության» գայթակղությանը, խաբկանքին եւ հավատացել, որ «թշնամու ողնաշարը ջարդված է»: Ամենօրյա զոհերը չեն զգաստացրել: «Վասն հայրենյաց դու զոհվեցիր, դու անմահացար». այս է եղել մեր հավաքական վերաբերմունքը քսանվեց տարի սողեսող մեզ մոտեցած, մեր տան դուռը բախած արհավիրքի նկատմամբ:
Հիմա ի՞նչ ասես յոթերորդ դասարանցուն, որ տեսել է թշնամու դիպուկահարի կրակոցից համաքաղաքացու սպանությունը եւ տագնապած է, որ վաղն էլ… Ասելիք կա՞: Չգիտեմ: «Տվե՛ք ինձ երաշխիքներ, եւ ես կվերադառնամ Արցախ». Երեւանում մի տեսակ ժպտաքմծիծաղախառն ասում է «Հանուն Հադրութի» ՀԿ-ի նախագահը: Երաշխիք չկա, չի եղել, հետո՞: Մենք մեր Հայրենիքից պիտի հրաժարվե՞նք: Միայն նրա համար, որ Հայաստանում մեր ճաշակի իշխանությո՞ւն չէ, կամ որ Արցախում «ազգային-ազատագրական պայքարի մասին էլ չեն խոսո՞ւմ»:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։