ՄԱԿ-ի միջազգային դատարանը սեղմ ժամկետում որոշում կընդունի Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ:
«Որոշումը կընդունվի հնարավորինս արագ»,- լսումների ավարտին ասել է դատավորը: Նա պարզաբանել է, որ հստակ ամսաթիվը երկու կողմերին կհայտնեն ավելի ուշ։
Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին ՄԱԿ-ի բանաձեւի խախտումների փաստի վերաբերյալ Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցով հարուցված գործի լսումները Հաագայի դատարանում սկսվել են հոկտեմբերի 14-ին։
Երեւանը խնդրել է դատարանին Բաքվի դեմ ժամանակավոր ապահովող միջոցներ կիրառել։ Ադրբեջանն, իր հերթին, ավարտելով բաց լսումների երկրորդ օրը, կոչ է արել մերժելու միջոցների վերաբերյալ Հայաստանի խնդրանքը:
Իր հայցում Հայաստանը մատնանշում է մարդու իրավունքների բազմաթիվ խախտումները՝ նշելով ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին ՄԱԿ-ի բանաձեւի՝ ռասիզմը թույլ չտալու մասին պետական իշխանության մարմինների պարտավորություններին վերաբերող մի քանի հոդվածներ, որոնք Ադրբեջանն արհամարհել է (4-րդ հոդվածի 3-րդ կետ, 7-րդ հոդված):
Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից ատելության բացահայտ եւ անպատիժ հռետորաբանություն են արձանագրել նաեւ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն (CERD), Եվրոպայի խորհրդի ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային բանաձեւի խորհրդատվական կոմիտեն եւ մի շարք այլ պրոֆիլային միջազգային կառույցներ:
Թարմացում
«Արդարադատության միջազգային դատարանում ավարտվեցին «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները:
Երկօրյա լսումների ընթացքում Հայաստանը դատարանին ներկայացրեց իր պահանջները եւ պատասխանեց մյուս կողմի հակափաստարկներին:
Լսումների ավարտին դատարանի նախագահը հայտարարեց, որ որոշումը կհրապարակվի հնարավորինս սեղմ ժամկետում»,- ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ գրառմանը կցելով դատարանի մամուլի հաղորդագրության ամբողջական տարբերակի հղումը: