Ըստ «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայության՝ Թուրքմենստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 25 հազարի, մինչդեռ երկրի ավտորիտար իշխանությունները համաճարակի բռնկումից շուրջ մեկուկես տարի անց շարունակում են պնդել, թե երկրում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի գրանցվել։
Ծառայությունը նշել է, որ եթե այդ թիվը համապատասխանում է իրականությանը, ապա 6 միլիոն բնակչություն ունեցող Թուրքմենստանն աշխարհում երկրորդ տեղում է վարակի հետեւանքով մահվան ցուցանիշներով՝ բնակչության ընդհանուր թվի համեմատ։
Թուրքմենստանը, այնուհանդերձ, հակահամաճարակային կոշտ քայլեր է ձեռնարկել երկրում եւ չափահաս բնակչության համար պատվաստումը պարտադիր դարձրել։
Կորոնավիրուսի ներթափանցումը կտրականապես հերքում են նաեւ Խաղաղ օվկիանոսի երեք առանձին կղզիներ, ինչպես նաեւ Հյուսիսային Կորեան։