Պաշտոնական Թեհրանը շարունակում է արձագանքել Իրանի ու Հայաստանի մասնակցությամբ Եվրոպա թմրանյութերի փոխադրման մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունը։
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին կոշտ է արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե Հայաստանն ու Իրանը համագործակցում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության հարցով:
Շամխանին շեշտել է, որ հարեւանության սկզբունքներն ու պահանջներն անտեսելը եւ սուտ ու ապակառուցողական հայտարարությունները բարիդրացիության եւ խոհեմության նշան չեն։
«Միջազգային հանրության կողմից թմրամիջոցների դեմ պայքարի հերոս ճանաչված երկրին մեղադրելը որեւէ արդյունք չի տա՝ բացի հռետորի խոսքերի վարկաբեկումից, հերքումից։ Զգուշացե՛ք սատանայի թանկարժեք ծուղակներից»,- ընդգծել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը։
Ադրբեջանի նախագահին արձագանքել էր նաեւ Իրանի արտաքին գործերի նախարարը` հայտարարությունը որակելով շինծու եւ կեղծ։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն շեշտել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը առաջատար է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում, հազարավոր զոհեր ու վիրավորներ է ունեցել այդ ճանապարհին։ ԱԳՆ ներկայացուցիչը կարծիք էր հայտնել, որ Բաքուն միտումնավոր անհիմն հայտարարություններ է անում ԶԼՄ-ներում` միաժամանակ վստահեցնելով, որ Իրանը դրանք անպատասխան չի թողնելու։