Ըստ «Թուրան» գործակալության՝ Ֆիզուլիի օդանավակայանը միջազգային կարգավիճակ է ստացել:
Ադրբեջանի պետական ավիափոխադրող AZAL ավիաընկերությունը հայտնել է, որ Օդային տրանսպորտի միջազգային ասոցացիան Ֆիզուլիի օդանավակայանի համար հատկացրել է հատուկ եռատառ տարբերանշան՝ FZL։
Օդանավակայանն ավելի վաղ հաստատվել է նաեւ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից։
«Թուրան»-ը նշել է, որ միջազգային բարձր չափանիշներով կառուցված Ֆիզուլիի օդանավակայանը, որը կարող է ընդունել ցանկացած տիպի օդանավ, բաց է միջազգային թռիչքների համար։
Օդանավակայանի թռիչքուղու երկարությունը 3 կիլոմետր է, լայնությունը՝ 60 մետր: Օդանավակայանը հագեցած է թռիչքների կառավարումը եւ անվտանգությունն ապահովող գերարդիական սարքավորումներով եւ համապատասխանում է միջազգային անհրաժեշտ չափանիշներին:
Ֆիզուլիի օդականավակայանից առաջին թռիչքները սկսվել են այս տարվա սեպտեմբերի 5-ին:
Կմասնակցեն օդանավակայանի բացմանը
«Haberturk» թուրքական հեռուստակայանը հայտնել է, որ Իլհամ Ալիեւը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 8-ին կմասնակցեն Ֆիզուլիի օդանավակայանը շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությանը: Հեռուստակայանը նշել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներն այդ օրն ընտրել են «հայկական օկուպացիայից Շուշին ազատագրելու առաջին տարեդարձի կապակցութամբ»:
Ադրբեջանի նախագահի հանձնարարությամբ առաջիկայում միջազգային օդանավակայաններ կկառուցվեն նաեւ Զանգելանի եւ Լաչինի շրջաններում։
Ֆիզուլիից բացի՝ Ադրբեջանում վեց միջազգային օդանավակայան կա՝ Բաքվում, Գյանջայում, Նախիջեւանում, Գաբալայում, Լյանքարանում, Զագաթալայում։