Պենտագոնի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը եկող շաբաթ կմեկնի Եվրոպա ՝ դաշնակիցների հետ հարաբերություններն ամրապնդելու նպատակով։
Նախարարն այս շաբաթավերջին կայցելի Վրաստան, որտեղ նախատեսված է հանդիպում վարչապետի եւ պաշտպանության նախարարի հետ։ Կողմերը քննարկելու են Վրաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ համագործակցությունը անվտանգության ոլորտում եւ Սեւ ծովում համագործակցության ընդլայնման հարցերը։ Ամերիկյան ռազմական գերատեսչությունը շեշտել է, որ նախարար Օսթինը «վերահաստատելու է ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը եւ ընդգծելու է երկու երկրների միջեւ ռազմավարական համագործակցության կարեւորությունը տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության խնդիրների լուծման հարցում»։
Թբիլիսիից ԱՄՆ պաշտպանության նախարարն ուղեւորվելու է Կիեւ, որտեղ հանդիպելու է Ուկրաինայի նախագահի եւ պաշտպանության նախարարի հետ։ Ըստ Պենտագոնի՝ այնուհետեւ նա կմեկնի Ռումինիա, եւ դաշնակիցների ու գործընկերների հետ այս կարեւոր շրջագայությունը կավարտի Բրյուսելում:
Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ այս երեք երկրները`Վրաստանը, Ուկրաինան եւ Ռումինիան, սահմանակից են Սեւ ծովին, ինչը Ռուսաստանի համար Միջերկրական ծովի կարեւոր առեւտրային ուղիներ տանող ճանապարհն է: Ռումինիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է: Ուկրաինան եւ Վրաստանը ձգտում են անդամակցելու այս կառույցին: Ինչպես «Ամերիկայի ձայն»-ին տեղեկացրել են ԱՄՆ պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյաները, նախարար Օսթինը եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցները հաջորդ շաբաթ քննարկելու են, թե Աֆղանստանից զորքերը դուրս բերելուց հետո որտեղ են կենտրոնացնելու այդ ուժերը: