Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողովը (ICAC) հայտնել է, որ հոկտեմբերի 18-ին հանրային լսումներ կանցկացնի նահանգի՝ հոկտեմբերի սկզբին հրաժարական տված վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանի ընթացիկ հետաքննության շրջանակում:
Կոռուպցիան վերահսկող մարմինը հայտարարել է, որ հետաքննություն է անցկացնում՝ պարզելու համար, թե արդյոք Բերեջիկլյանի «վարքագծում կա հանրային վստահության ոտնահարում կամ մասնակցություն այդ գործում»:
Հետաքննությունը պարզել է, որ Բերեջիկլյանը ժամանակին գաղտնի հարաբերություններ է ունեցել կոռուպցիայի հետաքննության առանցքում գտնվող պետական օրենսդիր մարմնի ներկայացուցչի հետ:
ICAC-ը նշել է, որ անհրաժեշտ է պարզել, թե արդյոք 2012-ի եւ 2018-ի ընթացքում Գլեդիս Բերեջիկլյանը «զբաղվել է այնպիսի գործողություններով, որոնք սասանել են հանրության վստահությունը կամ ներառում են հանրային գործառույթներ այնպիսի պայմաններում, որտեղ բախվում են անձնական հարաբերությունները եւ հասարակական պարտականությունները», քանի որ նա անձնական հարաբերություն ուներ այն ժամանակվա նահանգային պատգամավոր Դարիլ Մագուայերի հետ:
Ենթադրյալ խախտումը դրամաշնորհային ֆինանսավորում է, որը խոստացվել էր Մագուայերի ընտրազանգվածին Վագգա Վագգա համայնքում։ Կասկածվում է, որ նահանգի վարչապետը խրախուսել է Մագուայերի կոռումպացված վարքագիծը:
«Վարչապետի պաշտոնից իմ հրաժարականը չէր կարող տեղի ունենալ սրանից ավելի վատ ժամանակներում, բայց ժամանակը իմ վերահսկողությունից դուրս է, քանի որ ICAC-ն այս գործողությունը կատարելու ժամկետ է ընտրել պետության պատմության մեջ այս դժվարին շաբաթները»,- ընդգծել է Գլեդիս Բերեջիկլյանը:
Բերեջիկլյանը նշել է, որ հետաքննվող հարցերը «պատմական հարցեր են», սակայն նա ստիպված է հրաժարական տալ հետաքննությանը չխոչընդոտելու նպատակով:
«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ միշտ գործել եմ ազնվության ամենաբարձր մակարդակով»,- ընդգծել է նա մամուլի ասուլիսում:
Նոր Հարավային Ուելս նահանգը, որն ունի ավելի մեծ տնտեսություն, քան Սինգապուրը, Թաիլանդը կամ Մալայզիան, պայքարում է երկրում ՔՈՎԻԴ-19-ի ամենամեծ բռնկման դեմ եւ մտադիր է վերացնել ամիսներ տեւած արգելափակումները:
Բերեջիկլյանը գրեթե ամեն օր տեղեկություն էր տարածում կորոնավիրուսի վարակով պայմանավորված իրավիճակի, մահերի, ինչպես նաեւ այն սահմանափակումների մասին, որոնք պարտադրված էին կազմակերպություններին, դպրոցներին եւ տնային տնտեսություններին՝ հունիսին սկսված «Դելտա» շտամի բռնկման դեմ պետության պայքարի շրջանակում: Սեպտեմբերի վերջին վարակի ամենօրյա ցուցանիշները սկսեցին նվազել, քանի որ պետությունը մոտեցել է պատվաստման 70% մակարդակին։
2017-ին վարչապետ դարձած Բերեջիկլյանը Հարավային Ուելս նահանգի երկրորդ ղեկավարն է, որը հրաժարական է տվել ICAC-ի հետաքննության պատճառով: Նահանգի նախկին վարչապետ Բարրի Օ’Ֆարելը հեռացավ 2014-ին, երբ հանձնաժողովին ցուցմունք տալիս մոռացել էր նշել, որ նվեր է ընդունել 3000 ԱՄՆ դոլար արժողության մեկ շիշ Grange գինի:
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարաարել է, որ Գլեդիս Բերեջիկլյանը «հերոսական հատկություններ է ցուցաբերել» որպես վարչապետ, իսկ նախկին վարչապետ Մալքոլմ Թերնբուլը նշել է, որ Բերեջիկլյանը նվիրյալ բարեփոխիչ է, որը «քաջ եւ անխոնջ ղեկավարել է նահանգը անտառային հրդեհների եւ համաճարակի ժամանակահատվածում»:
Բերեջիկլյանը նախորդ տարի ICAC-ի նիստում ցուցմունք է տվել եւ հերքել իրեն վերագրված որեւէ սխալ գործողություն:
Պատրաստեց Կարինե Դավոյանը