Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթությունը վճարովի է, սակայն պետությունը երաշխավորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական անվճար կրթություն ստանալու հնարավորություն:
Վճարովի եւ անվճար տեղերի բաշխումն իրականացվում է կառավարության որոշմամբ, բայց հստակ բանաձեւ, թե ինչպես է որոշվում՝ որ բուհի որ մասնագիտությանը քանի անվճար տեղ տալ, չկա։
«Եթե անվճար տեղերի քանակը սահմանում է կառավարությունը, ապա վճարովի տեղերի քանակը սահմանվում է նախարարության՝ բուհին տված լիցենզիայով։ Անվճար կրթության սկզբունքը բխում է նախեւառաջ Սահմանադրությունից, որտեղ ասվում է, որ յուրաքանչյուր ոք մրցութային հիմունքով անվճար կրթություն ստանալու իրավունք ունի»,- ասում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը։
Անվճար տեղերը հատկացվում են նաեւ շահագրգիռ գերատեսչությունների, բուհերի հայտերի հիման վրա։ Վերջին տարիներին ԿԳՄՍ նախարարությունը աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու էկոնոմիկայի նախարարությունների հետ քննարկում է անվճար կրթություն տրամադրելու նոր մեխանիզմ, այն է՝ հիմնվել աշխատաշուկայի պահանջների վրա ու կարեւոր ոլորտները մասնագետներով ապահովել։ Արդեն վերջին երկու տարվա ընթացքում ավելի շատ անվճար տեղեր են հատկացվել բնագիտաական, ճարտարագիտական մասնագիտություններին, քանի որ դրանք կարեւոր են տնտեսության, ռազմարդյունաբերության զարգացման համար։ Ռոտացիայի կարգով վճարովի հիմունքով սովորող ուսանողները նույնպես կարող են անվճար տեղեր զբաղեցնել, եթե իրենց առաջադիմությունն ավելի բարձր է, քան անվճար սովորողների ցուցակում ընդգրկվածներինը։
Վճարովի կրթություն իրականացնելը բուհի իրավունքն է եւ սահմանված է կանոնադրությամբ։ Վճարովի հիմունքով սովորող ուսանողները կարող են վարձավճարի փոխհատուցում ստանալ։ «Փոխհատուցումը տրամադրում է կա՛մ պետությունը, կա՛մ բուհը։ Պետությունը վարձի փոխհատուցման հստակ կարգ ունի սահմանած։ Դրանից կարող են օգտվել, օրինակ, սահմանամերձ գյուղերի բնակիչները, սոցիալապես անապահով ուսանողները, երբ ընտանիքի անապահովության միավորը սահմանայինից բարձր է եւ այլն։ Ամռանն ընդլայնել ենք այս շրջանակը՝ ընդգրկելով մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին ու բակալավրիատի այն ուսանողներին, որոնք երկու կամ ավելի անչափահաս երեխա ունեն»,- ասում է Լուսինե Գրիգորյանը։
Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած ուսանողներին պետությունը որոշել է միանգամյա օգնություն տրամադրել։ Այսինքն՝ պետությունը փոխհատուցում է նրանց՝ մեկ ուսումնական տարվա մեկ կիսամյակի վարձավճարը։ Ուսանողի առաջադիմությունից կախված՝ այս փոխհատուցումը կարող է հասնել 70 տոկոսի։ Սա ամրագրվել է օրենքով։ Մինչեւ օրենքում այս փոփոխությունը կատարելը 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո կառավարությունն ամեն տարի հանդես էր գալիս աջակցության ծրագրով ու որոշակի փոխհատուցում էր տալիս՝ հաշվի առնելով նաեւ բուհի տրամադրած զեղչը։ Բուհի տրամադրած 30 տոկոս զեղչին պետությունն ավելացնում էր եւս 20 տոկոս։ Ստացվում է, որ 44-օրյա պատերազմի մասնակցի համար կա առանձին միանգամյա փոխհատուցում: Բացի այդ՝ անկախ նրանից, թե որ պատերազմի մասնակից է ուսանողը եւ թե երբ է ընդունվում համալսարան, օգտվում է մարտական գործողության մասնակցի համար նախատեսված փոխհատուցումից։
Ուսման վարձը վճարելու համար ուսանողները կարող են օգտվել նաեւ ուսանողական վարկերից։ «2013 թվականին կառավարության որոշմամբ ուժի մեջ մտավ ուսանողական վարկերի՝ պետության կողմից որոշակի սուբսիդավորման ենթածրագիրը։ Նպատակը բարձրագույն կրթության մատչելիության բարձրացումն էր»,- ասում է Լուսինե Գրիգորյանը։
Ըստ կառավարության որոշման՝ վարկերը տրամադրվում են 12 տոկոս տարեկան դրույքաչափով, որից 2 տոկոսը, իսկ ուսանողի բարձր առաջադիմության դեպքում՝ 3 տոկոսը սուբսիդավորում է պետությունը։ Տոկոսները վճարվում են ուսումնառության ընթացքում, մայր գումարը՝ ավարտելուց հետո։ 2018-2020 թվականների ընթացքում ուսանողական վարկերից օգտվել է շուրջ 12000 ուսանող։
Ուսանողներին վարձը վճարելու հարցում աջակցում են նաեւ որոշ բարեգործական հիմնադրամներ՝ «Հայ օգնության ֆոնդ», «Հայ կրթական հիմնարկություն», «Բարեպաշտ սերունդ» եւ այլն։ Դրանք ամեն տարի որոշակի ժամանակահատվածում եւ իրենց սահմանած պայմաններով կրթաթոշակներ են հայտարարում։ Նրանք կարող են նույնիսկ մինչեւ 100 տոկոս կրթաթոշակ տրամադրել։ Հիմնական պահանջն առաջադիմությունն է, բայց պատերազմից հետո կրթաթոշակներ առաջարկվում են նաեւ մարտական գործողությունների մասնակիցներին։
Բրյուսովի անվան պետական համալսարանի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի Վանուհի Խաչատրյանը կրթաթոշակ ստանում է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամից (COAF): «Ես 11 տարեկանից եղել եմ COAF-ում, մասնակցել եմ իրենց շատ ծրագրերի, այդ թվում՝ English Access Program-ին, որտեղ 2 տարի անգլերեն են սովորեցնում։ Այդ ծրագիրն ավարտելով՝ դարձել եմ COAF շրջանավարտ։ Դիմել եմ իրենց ու կրթաթոշակի շահառու դարձել մի կիսամյակ 4-րդ կուրսում, մի կիսամյակ մագիստրատուրայի 1-ին կուրսում ու հիմա»,- ասում է Վանուհին։
Հայաստանում ամենաբարձր վարձավճարներն ունեն, օրինակ, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն ու Երեւանի պետական կոնսերվատորիան՝ մինչեւ 1200000 դրամ։ Վարձի ստորին սահմանը հասնում է մինչեւ 300000 դրամի։ Վարձի չափը որոշում է բուհը՝ ըստ մատուցած ծառայության։ Կարեւոր է նաեւ մասնագիտական պահանջը։ Օրինակ՝ իրավաբանի, բժշկի մասնագիտությունները պահանջված են, հետեւաբար ուսման վարձի չափն էլ ավելի բարձր է։
Բրյուսովի անվան պետական համալսարանում, օրինակ, բոլոր մասնագիտությունների համար նույն վարձավճարն է պահանջվում։ «Մեր որդեգրած այս քաղաքականությունը վերաբերում է թե՛ բակալավրիատի, թե՛ մագիստրատուրայի առկա ու հեռակա համակարգերին։ Բակալավրիատի առկա համակարգում վարձը 450000 դրամ է, հեռակայում՝ 350000, մագիստրատուրայի առկայում՝ 500000, հեռակայում՝ 380000։ Այս տարի գիտխորհրդում արդեն որոշել ենք սա փոխել՝ ըստ աշխատաշուկայի պահանջների։ Այսինքն՝ գալիք ուսումնական տարում ընդունվող ուսանողների համար ուրիշ վարձավճարներ կլինեն»,- ասում է համալսարանի Աշխատակազմի կառավարման եւ տնտեսական հարցերով պրոռեկտոր Սահակ Մանուկյանը։ Ըստ նրա՝ վարձերի բարձրացումից հետո էլ ԵԲՊՀ-ի վարձավճարները, այլ բուհերի համեմատ, մատչելի կլինեն։
Վճարովի եւ անվճար կրթությունն աշխարհում
Ըստ տվյալների լրագրող Մարտին Արմստրոնգի ուսումնասիրության՝ աշխարհում ուսման ամենաբարձր վարձավճար ունեցող երկիրն Անգլիան է՝ բակալավրիատում տարեկան միջինը 12230 դոլար, ապա՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ 9212 դոլար։
Ի տարբերություն նրանց՝ կան երկրներ, որտեղ կրթությունն անվճար է։ Գնալով աճում է, օրինակ, Գերմանիայում սովորելու միտումը։ Այստեղ պետք է վճարել ընդամենը 150-250 եվրո՝ ադմինիստրատիվ ծախսերի համար։ Սա վերաբերում է թե՛ գերմանացի, թե՛ օտարերկրյա ուսանողներին։
Իրենց կրթական համակարգի բարձր որակով հայտնի Հյուսիսային Եվրոպայի երկրներում նույնպես կարելի է սովորել անվճար կամ շատ քիչ վճարով։ Նորվեգիայում պահանջվում է կիսամյակային վճար՝ 33-66 դոլար։ Իսլանդիայի չորս պետական համալսարաններում նույնպես կրթությունն անվճար է՝ չհաշված տարեկան 600 դոլար գրանցման վճարը։ Դանիան, Շվեդիան ու Ֆինլանդիան անվճար կրթություն տրամադրում են Եվրոպական միության, Եվրոպական տնտեսական գոտու երկրների ու Շվեյցարիայի ուսանողներին։ Այլ երկրների ուսանողները նույնպես կարող են սովորել անվճար, եթե գիտեն շվեդերեն կամ ֆիններեն։