Մի խումբ հայ փորձագետների ու դիվանագետների (Ժիրայր Լիպարիտյան, Թալին Փափազյան, Ռոբերտ Այդաբիրյան) կողմից վերջերս հրապարակված «Սպիտակ թղթում», ի թիվս կարեւոր, հետաքրքիր այլ առաջարկությունների ու ձեւակերպումների, խոսվում է նաեւ անվտանգության մի նոր չափման՝ «մտավոր անվտանգության» մասին։
Փաստաթղթի հեղինակներն այն սահմանում են որպես «մի այնպիսի միջավայրի ստեղծում ու պահպանում, որտեղ կապահովվեին հանրային քաղաքականությանն ու ազգային շահերին առնչվող բոլոր հարցերի ազատ քննությունն ու դրանց շուրջ քննարկումը»:
Անվտանգությունն, առհասարակ, մեզանում խիստ նեղ՝ միայն ռազմական իմաստով էր ընկալվում, բայց անվտանգության այս չափման բացակայությունը կործանարար ազդեցություն ունեցավ։ Տարիներ շարունակ պետության առաջ ծառացած ամենակարեւոր ու ամենակենսական հարցերը կա՛մ չէին քննարկվում առհասարակ, կա՛մ քննարկվում էին այնպիսի միջավայրերում ու այնպիսի բառապաշարով, որ ոչ միայն օգուտ չէին տալիս, այլեւ հետեւողականորեն վնասում էին այդ խնդիրներին։
Չլուծված կոնֆլիկտ ունեցող, ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակում ապրող երկրի հանրային-քաղաքական խոսույթում կոնֆլիկտի լուծման շուրջ քննարկումները տաբուավորված էին, կոնֆլիկտի լուծման հնարավոր տարբերակների մասին բարձրաձայնողները՝ դիվականացված, իսկ իրականության արձանագրման ցանկացած փորձ՝ պիտակավորված որպես ապազգային քայլ։
Սա մի իրադրություն էր, որտեղ կարծես հանցավոր համաձայնությամբ ցանկալին իրականության տեղ դնելու մարաթոն էր հայտարարված. մրցույթում հաղթում էր ավելի գունագեղ ցանկություններ ունեցողը, որովհետեւ ցանկությունների սահմաններով էր չափվում նաեւ հայրենասիրությունը։
Պարսկական ասացվածքն ասում է՝ «հալվա, հալվա ասելով բերանդ չի քաղցրանա», մենք փորձում էինք հակառակն ապացուցել ու հավատացած էինք, որ հալվա ասելով միայն մեր բերանը չէ, որ քաղցրանում է։ Անասելի մեծ, անդառնալի ու աններելի գին վճարեցինք այս վարքի համար, բայց, ցավոք, այդպես էլ քայլեր չեն ձեռնարկվում կարծես այս միտումները փոխելու ուղղությամբ։
Որեւէ հարցի՝ ըստ առաջնահերթության սահմանումն ու քննարկումը էլի ինչ-որ կասկածելի ծագման լրատվականների ու բլոգերների հույսին են։ Իսկ նրանց խոհեմության վրա հույս դնելը «ավզի վրա հիմնվելուց» ավելի վտանգավոր գործ է։
Ինչպես ստեղծել ուրեմն այդ բաղձալի միջավայրը, ինչպես հնարավոր դարձնել քննարկումներ, որոնք կնպաստեն իրավիճակի սթափ գնահատմանն ու այդպիսով կապահովեն մտավոր անվտանգության սահմանները։ Այս հարցն, իհարկե, միանշանակ պատասխան չի կարող ունենալ, բայց առնվազն կարելի է զերծ մնալ ծայրահեղական մոտեցումներից։
Այդ մոտեցումների արդյունքում մի կողմից ինչքան ավելի ծանրանում է մեր երկրի իրավիճակը, այնքան ավելի ամպագոռգոռ հայտարարություններ ենք լսում իշխանական ներկայացուցիչների կողմից, իսկ մյուս կողմից Հայաստանի դամբանականը երգող իբր ընդդիմությունն է, որ ամեն նոր ձախողումից «թեւեր է առնում»։
Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ծանր, շատ ծանր հարվածներ է ստացել ու նվազեցրել իր ծավալները, բայց ինքնիշխանության անգամ փոքր բաղադրիչներից պետք է ամուր կառչել ու հնարավորինս առանց նոր կորուստների փորձել ընդլայնել դրա սահմանները։ Սրան հաստատ չեն նպաստելու ներսում իրար ոչնչացնող ու երկրի վախճանի մասին գուժող տեքստերը։ Ի վերջո չպետք է մոռանանք, որ քննարկում ենք Հայաստանի, ոչ թե «իմքայլաստանի» ներկան ու ապագան։
«Սպիտակ թուղթն» այդ իմաստով շատ կարեւոր նախերգանք է քննարկումների լայն հնարավորությունների համար, նրանում բարձրաձայնված խնդիրներն ու հարցադրումները կարող են դառնալ այն ուղենիշները, որոնց շուրջ բանավեճերն ու զրույցները կարող են նպաստել ստեղծված ծանր իրավիճակից հնարավոր ելքերի ուրվագծմանը։ Հուսանք, որ «Սպիտակ թղթի» հրապարակմանը հաջորդող քննարկումների էջը սպիտակ չի մնա, իսկ մտավոր անվտանգության վտանգավոր բացակայությունը կփոխարինվի դրա ծիլերով առնվազն։
Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։