Վեցերորդ անգամ Հայաստան է այցելել Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքի տարբեր բժշկական կենտրոնների լավագույն մասնագետներից կազմված խումբը՝ Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոս Պերճ Աբգարեանի, բժշկական առաքելության խորհրդի անդամ, ծրագրերի պատասխանատու Վաչէ Վասիլեանի եւ Կարօ Խաչիկեանի գլխավորությամբ:
Այս այցելությունը, սակայն, տարբերվում էր նախորդներից: 33 բժիշկներից կազմված խումբը, որոնցից 14-ը՝ օտարազգի, գործ ունեցան 44-օրյա աղետալի պատերազմի եւ նրա հետեւանքների հետ: «Մենք 44-օրյա պատերազմը Ֆրեզնոյում ապրում էինք ամեն օր, բայց այն, ինչ տեսանք այստեղ մեր աչքերով, շատ ծանր էր»,- ասաց Վաչէ Վասիլեանը:
Առաքելությունը աշխատել է սեպտեմբերի վերջերից մինչեւ հոկտեմբերի առաջին շաբաթը: Աշխատանքը սկսվել է սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի տարելիցի օրը:
Ֆրեզնոյի բժիշկների խումբը Հայաստան է այցելում 2015 թվականից: «Մենք Հայաստանի պետությունից որեւէ բան չենք ուզում, շքանշան ու մեդալ չենք ակնկալում: Մենք ուզում ենք մեր չափով, մեր կարողություններով ծառայել Հայրենիքին»,- ասաց Պերճ Աբգարեանը։ Նա Ֆրեզնոյի «Community Hospital» հիվանդանոցի ադմինիստրատիվ գծով բժիշկների ղեկավարն է եւ այս ոլորտում ունի 32 տարվա աշխատանքային փորձ:
Հիմնականում վերականգնողական բժիշկներից կազմված առաքելությունը այցելել է Արմավիր (COAF-ի հետ համագործակցաբար), Գյումրի (Կարիտասի հետ), Քարակերտ, Վանաձոր, Դեբեդ, Դսեղ, Վահագնի, Օձուն, Վարդենիս, Աշտարակ, Մասիս:
Վիրավոր զինվորներին խորհրդատվական, վերականգնողական աջակցություն ցուցաբերելուց եւ վիրահատություններից զատ, այս անգամ Ֆրեզնոյի բժշկական առաքելությունը նվիրատվություններ արեց: Աշտարակի բժշկական կենտրոնը, որ վերանորոգվել էր 2018-ին Ֆրեզնոյի բարերարների միջոցներով, ստացավ թվային վիրահատական ռենտգեն սարք: 30 հազար դոլար արժողության այս սարքը նվիրաբերել է Միշել Թիւթելեանը:
Նվիրաբերման արարողությանը ներկա է եղել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Վարդենիսի պոլիկլինիկան ստացել է մեկ այլ բժշկական գործիք՝ 25 հազար դոլար արժողության, որը նվիրաբերել են Վիկտոր Սարաջեանը եւ Սերժ Հայթաեանը:
Ֆրեզնոյի բժշկական առաքելությունը վիրավոր զինվորներին ոչ միայն ընդունել է բուժհաստատություններում, այլեւ այցելել է նրանց տներ: Անվճար բժշկական ծառայություն ստանալուց բացի՝ յուրաքանչյուր պացիենտ ստացել է մեկ ամսվա դեղորայք:
Բժիշկ Ջոն Փաթմանը առաքելությանը միացել էր Միչիգանից։ «Զինվորները հիմնականում ստացել են բեկորային վնասվածքներ, մի մասը նաեւ ոտք ու ձեռք է կորցրել։ Հիմա աշխատում եմ, որ թերապիաների միջոցով կարողանան շարժել վերջույթները։ Ես նաեւ քաղաքացիներին եմ բուժում։ Այցելում եմ գյուղեր։ Նկատել եմ, որ գյուղում ապրող մարդիկ դժգոհում են հիմնականում մկանային եւ մեջքի ցավերից։ Դա նրանից է, որ շատ են ֆիզիկական աշխատանք կատարում։ Սովորեցնում եմ, որ հնարավոր է մարզանքների միջոցով այդ խնդիրը լուծել»,- «Armenia Today»-ի հետ զրույցում ասել է նա։
Վեց տարիների թափանցիկ աշխատանքը Ֆրեզնոյի բժշկական առաքելության հանդեպ ստեղծել է վստահություն: «Ֆրեզնոյի հայ համայնքը սկսել է ավելի շատ օգնել մեր այս գործին, եւ պետք է հատուկ շնորհակալություն հայտնել նրան»,- ասաց Պերճ Աբգարեանը:
44-օրյա պատերազմի ընթացքում Ֆրեզնոյի հայ համայնքը 700 կգ բժշկական սարքավորումներ է ուղարկել Հայաստան եւ Արցախ: Այս անգամ առաքելությունը, թեեւ չայցելեց Արցախ, բայց Ստեփանակերտի հիվանդանոցին եւ Մուրացանի հոսպիտալին տրամադրեց սարքավորումներ:
Ֆրեզնոյի Karser Permanente հիվանդանոցի Ներքին հիվանդությունների ամբիոնի վարիչ, դոկտոր Կարօ Խաչիկեանը վստահ է, որ հաջորդ տարիներին առաքելությունը կարող է ավելի լայնածավալ աշխատանքներ կատարել՝ հաշվի առնելով այն նվիրումն ու պատրաստակամությունը, որ ցուցաբերում է Ֆրեզնոյի հայ համայնքը:
Առաքելությունը 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Դարբինյանի բազմազավակ, սոցիալապես անապահով ընտանիքին նվիրեց սեփական տուն Մասիսում: Այդ նվիրատվությունը հնարավոր եղավ իրականացնել Ֆրեզնոյի ՀՄԸՄ-ի շնորհիվ:
Այս այցելության ընթացքում տեղի ունեցավ մեկ այլ իրադարձություն. hիմնադրվեց «Առաջադեմ Հայաստան» (Advance Armenia) կազմակերպությունը, որի նպատակն է համախմբել Հայաստան այցելող եւ Հայրենիքի հետ կապված սփյուռքի բժիշկներին: Հիմնադիրներն են Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Շվեդիայի հայ բժիշկները, մասնավորապես Եվրոպայի «Hyasso» կազմակերպությունը: «Advance Armenia»-ի նախագահ է ընտրվել Պերճ Աբգարեանը, փոխնախագահ՝ Հասմիկ Գեւորգյանը Փարիզից:
Հայաստան այցելության ընթացքում Վաչէ Վասիլեանի հովանավորությամբ Արցախի Աղավնո գյուղի եկեղեցում կատարվել է հավաքական մկրտության կարգ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ: Մկրտվել է վեց տասնյակ մարդ: Հավաքական մկրտության կնքահայրը եղել է դոկտոր Վասիլեանը, կնքամայրը՝ մանկաբույժ Կարինէ Լեփեճեան-Վասիլեանը:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։