Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (ՀՖՀ) եւ Հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ այս տարի արդեն 15-րդ անգամ անգամ ՀՖՀ-ում կազմակերպվեց աշխատանքի տոնավաճառ:
Հանդիպում են ձեռնարկատերերը, բակալավրիատի եւ մագիստրատուրայի լավագույն ուսանողները: Երիտասարդները հնարավորություն ունեն ծանոթանալու առաջարկներին, անցնելու փորձաշրջան ու կիրառելու մասնագիտական հմտությունները:
«Աշխատանքային տոնավաճառի հայեցակարգը Ֆրանսիայում արդեն 50 տարի գործում է։ Այն կոչվում է ձեռնարկությունների ֆորում եւ նախատեսված է տվյալ համալսարանի ուսանողների համար»,- ասում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարը։
Այս տարի ՀՖՀ-ն համագործակցում է 63 կազմակերպությունների հետ, որոնց նպատակն է գտնել երիտասարդ տաղանդների: Ձեռնարկությունները հատկապես կարեւորում են ուսանողների գործնական գիտելիքը, լեզուների իմացությունը։
Աշխատակիցներ հիմնականում փնտրում են ֆինանսական, աուդիտի, հաշվապահական, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավաբանական եւ մի շարք այլ ոլորտների կազմակերպություններ:
Բուհում կարեւորում են ուսումնական գործընթացին զուգահեռ փորձաշրջանների առկայությունը, ինչն էլ մրցունակ է դարձնում ուսանողներին: Համալսարանը տարեկան ավելի քան 80 դասախոս է հրավիրում տարբեր երկրներից: Դա նպաստում է նոր միտումների զարգացմանը երիտասարդների աշխարհայացքի ընդլայնմանը:
Այս տարի գործատուների թվում են նաեւ համալսարանի մի շարք շրջանավարտներ, որոնց համար աշխատանքային տոնավաճառը կարեւոր իրադարձություն է: Նրանք նկարագրում են իրենց անցած ուղին, պատմում իրենց փորձը, ներկայացնում թափուր աշխատատեղերը՝ այդպիսով ոգեշնչման աղբյուր դառնալով ուսանողների համար:
Երազանք-աշխատանքի հետեւից այստեղ են եկել Լաուրա Բալդրյանը եւ Եկատերինա Ավագիմյանը: Կիրառական մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի բաժնի ուսանողներ են, սովորում են չորրորդ կուրսում:
Ապագա ծրագրավորողները ողջունում են նախաձեռնությունը: Նրանք եւս կարեւորում են բուհի ներուժը, մասնավորապես գործնական գիտելիք ստանալու հնարավորությունը, լեզուների իմացության բարձր մակարդակը:
«Որպես մասնագիտական առավելություն պետք է նշեմ, որ մեր ֆակուլտետը թույլ է տալիս կազմել նախագծեր, ինչն էլ աշխատանքի դիմելիս դիտարկվում է որպես փորձնակի մակարդակի հաղթահարում»,- ասում է Եկատերինան:
Կենտրոնական բանկի աշխատակից Լաուրա Բալայանի կարծիքով կադրերի կարիք կա մակրոտնտեսական, ներքին աուդիտի, ռիսկերի կառավարման վարչություններում: Լավագույն ուսանողները հնարավորություն կունենան անցնելու փորձաշրջան, ապա՝ աշխատանքի:
Մեծ պահանջարկ վայելող տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսական ընկերությունների կողքին է նաեւ կրթական հիմնադրամներից մեկը՝ «Դասավանդի՛ր Հայաստանը» (Teach for Armenia):
««Դասավանդի՛ր Հայաստան»-ն առաջարկում է ուսուցիչների երկու տարվա առաջնորդության զարգացման ծրագիր։ Ուսուցիչները դասավանդում են համայնքներում, նաեւ զբաղվում հասարակական ակտիվ կյանքով, տեղեկանում են համայնքի կարիքներին։ Կարողանում են տարբեր նախագծերի միջոցով զբաղվել համայնքի զարգացմամբ»,- ասում է կադրերի հավաքագրման մասնագետ Արեւիկ Պռազյանը:
Տոնավաճառը նաեւ կամուրջ է տեխնոլոգիական ստարտափերի համար, որոնք փորձում են մրցունակ շուկա դուրս գալ, ընդլայնել գործընկերային շրջանակները։
Ալմաստ Մուրադյան