Վանո Սիրադեղյանի մահվանը հաջորդած ցանցային աղմուկի մեջ, չեմ կարծում, կա մեկը, որը նրան հզոր քաղաքական գործիչ չի համարում։ Ով հայհոյախոսում է, ով անիծում է, ով փորձում է աչք խոթել հանգուցյալի այս կամ այն (իրական կամ երեւակայական, վերագրելի կամ պատկանելի) մեղքերը, չի էլ հասկանում, որ օր մահվան, Աստված ու խիղճ մոռացած լաչառություն անելով, փաստում ու փաստելով հաստատում է Վանո Սիրադեղյանի հզոր քաղաքական գործիչ լինելը։
Արձակագրի մեծությունը վիճարկելը մնացել է խոր անցյալում, որովհետեւ այս հասարակության համար գրականությունը (արձակ կամ չափածո) չունի այն արժեքը, որի համար կարելի է «լեզու թրջել»։ Չլիներ Վանոն քաղաքական գործիչ, նրա մասին խոսելու էին միայն սրճարանային գրական միջավայրերում, իսկ ցանցերում աֆորիզմներ շաղ չէին տալու, որովհետեւ հեղինակն աֆորիստիկ է հենց քաղաքական հանգամանքով։
1990 թվականի մայիսյան ընտրություններից առաջ Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի անդամ Վանո Սիրադեղյանը խոսում էր քաղաքական գործիչ ծնվելու անհնարինության մասին։ 1946-ի նոյեմբերի մի օր Կոթի գյուղում ո՞վ կարող էր քաղաքական գործչի ծնունդ կանխատեսել, երբ մարդիկ թանձր ստվեր էին փնտրում քաղաքականությունից թաքնվելու համար։
Այսինքն՝ 1990 թվականի մայիսյան ընտրություններից առաջ դեռ հրապարակային գործիչ Վանո Սիրադեղյանը խոսում էր քաղաքական գործիչ դառնալու ճանապարհի մասին, որն էր ապստամբական շարժումը՝ շուրջ եռամյա տքնաջան աշխատանքով։
Եվ չնայած բոլոր դժվարություններին՝ պետք է պարզվեր, որ քաղաքական գործիչ դառնալը հարյուրապատիկ հեշտ է քաղաքական գործիչ համարվելուց։ Դառնալու համար հրապարակն ու շարժման խանդավառությունը բավական էին։ Համարվելու համար քաղաքական միտք ու տեսողության լայնք էին հարկավոր։
Մեր հասարակությունը, սակայն, ոչ առանց պարտնոմենկլատուրայի, սփյուռքյան առաքյալների, սրանց կից մտավորականության գործուն մասնակցության, իր տեսադաշտը փոխարինեց բանալու անցքով։
Բանալու անցքից երեւում է մասը, լավագույն դեպքում՝ դրվագը, բայց ոչ երբեք ամբողջը։ Դուռը, որ վերը նշվածները դրել էին ապստամբ հրապարակում հասունացած քաղաքական գործիչների եւ ժողովրդի միջեւ, հենց նրա համար էր, որ ամբողջը չերեւար, որ մարդիկ մնային բանալու անցքի հույսին։
Իսկ բանալու անցքն ավելի շատ ենթադրություն է հաղորդում, քան մտածելու նյութ։
Բանալու անցքից նայողին, կոտորվես էլ, չես կարող բացատրել, որ այս մարդն է ժողովրդի եւ իր ընկերների հետ հանգրվան առ հանգրվան առաջ տարել շարժումը (Վանոն՝ 88-ի փետրվարի հենց առաջին օրերից)։ Աչքը բանալու անցքից չկտրելով՝ կասի. «Բա ընտրությունները կեղծեց»՝ դույզն-ինչ պատկերացում չունենալով ընտրություններում նրա մասնակցության ու դերի մասին։
Բանալու անցքից նայողին, կոտորվես էլ, չես կարող բացատրել, որ այս մարդն է, 1992-ին ներքին գործերի նախարար դառնալով, երկիրը զերծ պահել քաղաքացիական պատերազմի վտանգից։ Աչքը բանալու անցքից չկտրելով՝ կասի. «Բա քաղաքական սպանությունները», կարծես հենց նոր է դուրս եկել դատավորի խորհրդակցական սենյակից։
Բանալու անցքից նայողին, կոտորվես էլ, չես կարող բացատրել, որ այս մարդն է ՆԳ ուժերով պաշտպանության կարեւոր խնդիրներ ստանձնել։ Աչքը բանալու անցքից չկտրելով՝ կասի. «Ում ուզում, երբ ուզում միլպետ էր նշանակում»՝ չհասկանալով, որ համակարգում հաճախակի այդ փոխատեղումներն էին դիմադրում ներհամակարգային ասպատակություններին։ Եվ եթե հենց 1992-ից մինչ օրս ունենք ապահով քաղաք, ապահով փողոց (փառք Աստծո, անհերքելի է), առաջին հերթին նրա ստեղծարար (կրեատիվ, գուցե կոպիտ կրեատիվ) մոտեցման արդյունքն է։
Այսօր Վանոյի օրն է։ Իր համար արդեն՝ ոչինչ, մեր եղերական օրը։ Դրա համար եմ Վանոյի օրինակով խոսում բանալու անցքից նայելու կործանարարության մասին։ Այլ դեպքում ուղիղ ու կարճ կասեի, որ Ղարաբաղյան շարժման շահած-պահած Հայաստանն ու Արցախը մնացին բանալու անցքում։ Ու հիմա նայելու տեղ է՛լ չկա։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։