Հոկտեմբերի 16-ին Գյումրիում տեղի ունեցավ հանրահայտ կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի սիրո երգերի նոր ձայնասկավառակի շնորհանդեսը, որում տեղ են գտել հեղինակի ստեղծագործությունները՝ մեցցո-սոպրանո Աննա Մայիլյանի մեկնաբանությամբ։
Սկավառակում ներկայացված են կոմպոզիտորի տարբեր ժամանակաշրջաններում եւ ժանրերով ստեղծած երգերը՝ հայ բանաստեղծների խոսքերով։ Ստեղծագործությունները մեկտեղ հավաքելու եւ թողարկելու միտքը հղացել է Բալյանի թոռը՝ Տիգրան Հախումյանը։
«Առաջին ինը երգերի հաջորդականությամբ մեզ հաջողվել է ստեղծել երգաշար, որն իր դրամատուրգիայով եւ բովանդակությամբ համատեղելի է Հայնրիխ Հայնեի խոսքերով գրված Ռոբերտ Շումանի «Բանաստեղծի սերը» շարքի հետ»,-ասում է նախաձեռնության հեղինակ Տիգրան Հախումյանը։
Ձայնասկավառակն ու տեղեկագիրքը ձեւավորվել ու տպագրվել են Գերմանիայում։ Կոմպոզիտորի որդին՝ Կարեն Բալյանը, այն նվիրել է Շիրակի եւ Լոռու մարզերում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանին։ Նա էր Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի օժանդակությամբ նախաձեռնել շնորհանդես-համերգը։
«Մենք լսեցինք ծանոթ երգեր նոր մատուցմամբ, եւ առաջացավ միտք Վլադիլեն Բալյանի հիշատակին նվիրված համերգ եւ ձայնասկավառակի շնորհանդես կազմակերպել Գյումրիում»,- ասում է Տեր-Մինասյանը։
Կարեն Բալյանը Մոսկվայից հատուկ եկել է Գյումրի՝ շնորհանդես-համերգին մասնակցելու։ Ասում է՝ հայրը Գյումրու պատվավոր քաղաքացի է, կապված է եղել քաղաքի ամեն մի ծառ ու թփին։ «Մարդիկ երբեմն անունով չեն ճանաչում հորս, բայց երգը լսում են ու անմիջապես հասկանում՝ ով է»։
Կարեն Բալյանը հիշում է՝ երբ Վլադիլեն Բալյանին հարցնում են, թե որտեղից է վերցնում իր երգերը, պատասխանում է․ «Ամեն տեղից եւ ոչ մի տեղից»։
Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, երաժշտագետ Հասմիկ Հարությունյանն անձամբ է ճանաչել ու շփվել կոմպոզիտորի հետ։ Նրա կարծիքով՝ հայ ժողովրդի մշակութային կյանքում Բալյանն անգնահատելի տեղ ունի։
«Վլադիլեն Բալյանը յուրահատուկ կերպով զգում էր Գյումրու շունչը, դրա վառ ապացույցը քաղաքի օրհներգը՝ «Գյումրի-Լենինական»-ն է։ Մենք միշտ Վլադիլեն Բալյանին լսել ենք տարբեր նվագախմբերի գործիքավորմամբ, բայց այսպիսի մեկնաբանությամբ կլսենք առաջին անգամ»,- ասում է երաժշտագետը։
Մինչ համերգի մեկնարկը երգչուհի Աննա Մայիլյանը պատմեց սկավառակի ձայնագրման բարդ ընթացքի մասին։ «Մենք այս ձայնագրությունը կատարել ենք կորոնավիրուսի տարածման ամենաթեժ շրջանում, երբ փակ էր ամեն բան։
Դաշնակահարուհու՝ Էլեն Կիրակոսյանի հետ մի պահ հանդիպում էինք ու ձայնագրվում։ Դրան հաջորդեց պատերազմը․․․ Հաղթահարեցինք ամեն բան ու ձայնագրվեցինք։ Զարմանալի համընկնում եղավ՝ երգաշարն ավարտվում է «Մուսա լեռ» երգով, որտեղ չկոտրվելու եւ պայքարի կոչն է հնչում։ Հուզմունքը ոգեւորության վերածելով՝ ավարտեցինք աշխատանքը»,- ասում է երգչուհին։
Համերգի ավարտին հանդիսատեսը հույս հայտնեց, որ Վլադիլեն Բալյանի մյուս սիրված երգերը նույնպես հասանելի կդառնան՝ կատարված դասական ոճով։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։