Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է տվյալներ ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական անօրինական տեղակայման ու հանցավոր արարքների մասին՝ ՄԻՊ աշխատակազմի, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման փաստահավաք աշխատանքների շրջանակում հաստատված հավաստի ապացույցներով ու մի քանի աղբյուրով ստուգված տվյալներով։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները:
Նա ընդգծել է, որ ադրբեջանցիների ակտիվությունը վերջին շրջանում շեշտակի մեծացել է։ Ավելին՝ շարունակում են նոր ճանապարհների կառուցումը, դիրքերում ավելացրել են զինծառայողների քանակն ու սպառազինությունը: Անընդհատ կատարում են դիրքային ամրացման եւ ինժեներական ակտիվ աշխատանքներ:
«Նրանք ֆիզիկապես ներկա են հենց այն հողատարածքներում, որոնք պատկանում են ՀՀ քաղաքացիներին՝ օրինական փաստաթղթերով հաստատված իրավունքներով»,- շեշտել է Թաթոյանը։
ՀՀ ՄԻՊ-ը մանրամասնել է, որ խոսքը ադրբեջանական այն դիրքերի մասին է, որտեղից ադրբեջանական զինծառայողները ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարում են ահաբեկչական հանցավոր արարքներ. պարբերաբար կրակում են Գեղարքունիքի Վերին Շորժա, Սոթք, Կութ եւ մյուս գյուղերի ու մասնավորապես քաղաքացիական տների վրա, զանգվածաբար հրդեհում քաղաքացիական բնակիչների արոտավայրերն ու խոտհարքները: Այս դիրքերի ծառայողներն են կատարել ՀՀ բնակիչների կենդանիների մեծաքանակ գողություններ:
Թաթոյանը դարձյալ շեշտել է, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ գյուղերի հարեւանությամբ ու այն էլ ՀՀ ինքնիշխան տարածքում բացահայտ հանցավոր բնույթի է, այն ինքնին ոտնահարում է գյուղերի բնակիչների կյանքի ու անվտանգ ապրելու, սեփականության, ընտանիքի եկամուտը վաստակելու եւ այլ կենսական իրավունքներ: Նրանց ներկայությունը խաթարում է մարդկանց խաղաղ կյանքը:
ՀՀ ՄԻՊ-ը կարեւորում է անհապաղ ՀՀ սահմանների շուրջ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու եւ ադրբեջանական զինված ծառայողներին ՀՀ գյուղերի հարեւանությունից, համայնքների միջեւ ճանապարհներից անհապաղ հեռացնելու գործընթացի նախաձեռնումը։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի այս առաջարկը տեղ է գտել միջազգային կոնկրետ փաստաթղթում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2021 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 2391 (2021) բանաձեւում: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան հաղորդումներ կուղարկի նաեւ միջազգային կառույցներին ու ՀՀ պետական մարմիններին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին:
«Ակնհայտ է, որ ադրբեջանական հանցավոր արարքների, մարդկանց իրավունքների կոպիտ խախտումների հիմքը, դրանց սնուցման աղբյուրը մեկն է. ադրբեջանական իշխանությունների հայատյաց ու թշնամանքի, էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականությունը»,- եզրափակել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: