Լյուքսեմբուրգում այսօր՝ հոկտեմբերի 18-ին, տեղի կունենա Եվրամիության խորհրդի նիստը` արտաքին գործերի նախարարների մակարդակով: Նախարարները մասնավորապես կքննարկեն դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախատեսված Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Բելառուսի ներկայացուցիչներն առաջին անգամ չեն հրավիրվել հանդիպմանը։ Ավելին՝ ԵՄ պետությունները մտադիր են հերթական պատժամիջոցները սահմանել Բելառուսի դեմ:
Բելառուսն ամռանը հայտարարեց Արեւելյան գործընկերության ծրագրից դուրս գալու մասին, երբ Բրյուսելը Մինսկի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառեց: Եվրամիությունը չի ճանաչել Բելառուսի իշխանությունների որոշումը: Հետեւաբար Բելառուսի պաշտոնական ներկայացուցիչներ չեն լինի, իսկ Մինսկը կներկայացվի դատարկ աթոռով՝ առանց դրոշի:
Լյուքսեմբուրգի նիստին ԵՄ արտգործնախարարները, ի թիվս այլ թեմաների, կքննարկեն Արեւելյան գործընկերության շրջանակում Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի եւ մինչեւ վերջերս Բելառուսի հետ Եվրամիության համագործակցության ծրագիրը:
Արեւելյան գործընկերությունը Եվրամիության ծրագիր է, որի հիմնական նպատակը Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ տարածաշրջանային համագործակցության զարգացումն է: