Երեւանում հոկտեմբերի 18-ին մեկնարկել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովը, որի կազմակերպիչներն են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը եւ ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը։
Երկօրյա համաժողովի աշխատանքներին կմասնակցեն նաեւ ՀՀ մարզպետներ, ՌԴ տարածաշրջանային ղեկավարներ, Եվրասիական տնտեսական միության, համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, գործարարներ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում նշել է, որ երկու երկրի միջեւ հաստատվել է բովանդակալից երկխոսություն եւ արդյունավետ համագործակցություն տարբեր ուղղություններով։
«Ռուսաստանի եւ Հայաստանի՝ բարեկամության եւ փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա հիմնված հարաբերությունները դաշնակցային բնույթ ունեն։ Մեր պետությունների միջեւ հաստատվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն, արդյունավետ համագործակցություն տարբեր ուղղություններով»,- իր ուղերձում ընդգծել է ՌԴ նախագահը։
Պուտինը շեշտել է, որ ռուս-հայկական կապերի զարգացման գործում զգալի դեր է խաղում միջտարածաշրջանային կոոպերացիան, որը թույլ է տալիս փոխշահավետ նախագծեր իրականացնել տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային, հումանիտար եւ շատ այլ ոլորտներում:
ՌԴ նախագահը կարեւորել է, որ համաժողովի շրջանակում ՀՀ եւ ՌԴ պաշտոնյաները, հասարակական կազմակերպությունները, ակադեմիական, փորձագիտական եւ գործարար շրջանակները կկարողանան փորձի փոխանակում կատարել, քննարկել երկկողմ օրակարգի հարցերը եւ նախանշել հետագա համատեղ աշխատանքի ուղիները:
«Ակնկալում եմ, որ համաժողովը տեղի կունենա ստեղծագործական, կառուցողական մթնոլորտում, կտրվի նոր նախաձեռնությունների մեկնարկը, որոնք կնպաստեն ռուս-հայկական արդյունավետ գործընկերության ամրապնդմանը, ինչպես նաեւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը»,- ընդգծել է Պուտինը՝ հաջողություն մաղթելով համաժողովի մասնակիցներին:
Համաժողովն ընթանում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի եւ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի ղեկավարությամբ։ Համաժողովի շրջանակում տեղի կունենա նաեւ Ռուսական արտահանման կենտրոնի միջոցառումը՝ շուրջ 100-150 հայ եւ ռուս գործարարների մասնակցությամբ։