Հայաստանը ձեռք է բերել Քովիդ-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը` 200000 չափաքանակ։
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ պատվաստանյութի ներկրված խմբաքանակն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում եւ շարժական պատվաստումային կետերում:
«Սինոֆարմ» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Պատվաստանյութի արդյունավետության եւ անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանված չափանիշներին:
Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սինոֆարմ»-ը եւս նախատեսված է 18 եւ բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (Քովիդ-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար: