Ղազարյանների ընտանիքը Հայաստանում առաջիններից է, որ իր հարկի տակ զբոսաշրջիկների է ընդունել ու տունը վերածել հյուրատան: «Նորավանք» անունով հյուրատունը, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղում է՝ Երեւանից 100 կմ հեռու, գործում է դեռեւս 1999-ից, բայց «դասական» հյուրատան է վերածվել 2006-ից:
Չիվան միջպետական մայրուղու վրա է, եւ հյուրերն այստեղ կանգ են առնում հիմնականում 1-2 օրով, բայց այդ կարճ ընթացքում հասցնում վայելել վայոցձորյան արեւի ջերմությունը, համտեսել տեղական ուտեստներն ու, ինչպես Ղազարյանների դուստրը՝ Ալինան է ասում, սիրահարվել բնությանը:
Տարիների ընթացքում հյուրատունը մեծացել է, նոր սենյակներ են ավելացել, այցելուների համար զբաղմունքի նոր պայմաններ ստեղծվել: 2019-ին էլ «Նորավանք» հյուրատանն ավելացել է նաեւ գաստրոբակը՝ տեղում պատրաստվող գինու համտեսի հնարավորություն ստեղծելով:
«Նորավանքը» Հայաստանի ավելի քան 20 գաստրոբակերից մեկն է: 2018-ից գաստրոբակեր են հիմնադրվել Հայաստանի տարբեր մարզերում: Դրանց ստեղծումն իրականացվել է ՌԴ-ի կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրով՝ Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի հետ համատեղ:
Նպատակն է եղել ստեղծել բազային զբոսաշրջային ծառայություններ՝ հիմնվելով գյուղական սեփական տնային տնտեսությունների վրա: Ավանդական սննդի մատուցումը, տնական գինեգործությունը եւ արհեստագործությունը համատեղվել են։ Դրանք եկամտի աղբյուր են գյուղացիների համար եւ կենցաղային մշակույթը հյուրերին նորովի ներկայացնելու հնարավորություն:
Գինեգործության հմտություններին Ղազարյանները վաղուց են տիրապետում, սերնդեսերունդ փոխանցվել են խմիչքի պատրաստման տարատեսակ գաղտնիքները, իսկ գաստրոբակի ստեղծումից հետո խորհուրդներով օգնում են նաեւ ծրագրի կազմակերպիչները: «Ավանդական մեթոդներն ու խմիչքի պատրաստման նոր տեխնոլոգիաները միատեղվում են՝ ավելի բարձր որակ ու մեծ արդյունք ստանալու համար»,- ասում է Ալինան:
Ծրագրի շրջանակում գաստրոբակերի համար գինու պատրաստման սարքավորումներ են տրամադրվել, սակայն դրանք ամբողջությամբ ավտոմատացված չեն, եւ դա պատահական չէ: Մարդու ձեռքի ուժը պետք է գործադրվի: Ծրագրի գաղափարներից է եղել, որ տնականը պահպանվի:
Այժմ Ղազարյանների ընտանիքն իր գոստրոբակում տարեկան մոտ 2 տոննա գինի է պատրաստում: Եթե մինչ գաստրոբակի ստեղծումը գինի գնում էին նաեւ գյուղի մյուս բնակիչներից, այժմ իրենց պատրաստած խմիչքի ծավալը բավականացնում է: Բայց այս դեպքում եւս համայնքն անմասն չի մնում, խաղողի մի մասը մթերում են հարեւան Արենիից:
Հյուրատան սեղաններին միայն տնական ուտելիքներ են՝ տեղում աճող բարիքներով: Ալինան ասում է՝ միայն տնական, տեղական ուտեստների մատուցումը պարտադիր սկզբունք են դարձրել։ Եթե իրենց տանն ինչ-որ բան չկա, գնում են հարեւաններից. մեկից՝ օղի, մյուսից՝ պանիր, երրորդից՝ մեղր: Հյուրերն էլ կատակում են՝ սեղանին միայն հանքային ջուրն է խանութից, այն էլ պարտադիր վայոցձորյան «Ջերմուկն» է:
Այցելուները սիրում են Ղազարյանների բակում աճող միրգ-բանջարեղենը իրենց ձեռքով հավաքել, այցելել խնձորի, ընկույզի այգիներ, մասնակցել բերքահավաքին:
«Մեծ այգի ունենք, որտեղ բազմատեսակ ծառեր են, անգամ այնպիսիք, որ տարածքին բնորոշ չեն: Մեր հյուրերը 30-ից ավելի մրգատեսակներ են կարողանում համտեսել»,- ասում է Ալինան եւ ընդգծում՝ փորձել են հյուրերի համար հնարավորինս շատ հետաքրքրություններ ստեղծել:
Դրանցից են հյուրերի համար վարպետաց դասերը՝ պանիր պատրաստելու, հորելու, գաթա, խորոված, տոլմա, հարիսա եւ տարբեր այլ ուտեստներ պատրաստելու, թոնրի լավաշ թխելու:
«Այն ուտեստները, որոնք հյուրերը համտեսում են եւ ցանկություն հայտնում տեսնելու դրանց պատրաստման ընթացքը, անպայման կազմակերպում ենք»,- նշում է նա: Այս օրերին հյուրերը Ղազարյանների տանը խաղող են ճզմում ու տեղում սովորում գինու ստեղծման նրբությունները:
««Հյուրատների զարգացման հայկական ասոցիացիա» ՀԿ-ի անդամ ենք, որը պարբերաբար կազմակերպում է դասընթացներ, վերապատրաստումներ, փորձի փոխանակում։ Աշխատում ենք ժամանակ գտնել եւ մասնակցել, նոր բան սովորել, իմացածն ավելի գրագետ մատուցել, հյուրընկալությունը որպես բիզնես ավելի զարգացնել՝ չդավաճանելով մեր որդեգրած սկզբունքին՝ բիզնես միջավայրում չկորցնել հայկական հյուրընկալության համն ու հոտը»,- մանրամասնում է Ղազարյանների դուստրը:
Մասնագիտությամբ տնտեսագետ Ալինան վստահ է՝ եթե գյուղական միջավայրում ամբողջ ընտանիքով լծվեն նման աշխատանքների կատարմանը, կկարողանան թե՛ կայուն եկամուտ ապահովել, թե՛ արտադրանքի սպառման խնդիրը լուծել, թե՛ ժամանակի ընթացքում նոր աշխատատեղեր ստեղծել:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: