Անուշը ստեղծում է, ի հայտ է բերում սերը, մարդուն, իր թիմի հետ վերածնում է հին հայկական երգերը, եւ դրանք այսօր սիրելի են նաեւ Հայաստանից դուրս։
Նրանք ճամփորդում են Հայաստանի գյուղերով. սկսել են երկու տարի առաջ Հայաստանի հյուսիսից։ Ճամփորդում եւ գտնում են հայկական ավանդական երգերը, գտնում մարդուն, գտնում եւ թողնում են, որ ինքնակարգավորվի այն ամբողջը, որ «Սաղսարա»-ն է։
Կապույտ թռչունը հենց ինքը հնարավորությունն է. երբեմն ծայրահեղ կերպով ձայնակցող, երբեմն էլ՝ պարփակված, պաշտպանված… Ինքն է, որ ներսից մղում է եւ հնարավորինս փորձում չբախվել դրսին… Ինքն է, որ ազատության է մղվում, բայց բանակցում ենք եւ հանդարտվում… Ինչ վիճակում էլ լինի կապույտ թռչունը, Բուքովսկու ասած, լացելու չափ սիրուն է, այնուամենայնիվ։
Համաշխարհային քարտեզը մի օր կտրտելու եւ ինժեներ-կոնստրուկտոր պապիս հրահանգով այն նորից հավաքելուց է սկսվում, երբ դեռ կարդալ չգիտեի, բայց գույներով էի զանազանում երկրները խորհրդային տարիների այդ ահռելի քարտեզի վրա… Եվ ձմեռների սպասող աղջկա պատկերներից է սկսվում պատմությունը, ով իր երազները նկարում էր պատուհաններին ու հետո բակի երեխաների համար հեքիաթ հորինում։ Հետո մայրս է՝ միշտ խնայող եւ խնամող, քույրս, ընտանիքս մի խոսքով, որ 90-ականներին բացառիկ կենցաղավարություն ուներ Վանաձորում։ Մնացածն արդեն ուրիշ բանի մասին է, ոչ սկիզբ։
Երբ արտաքին փորձարկումներն անցնում են համակարգային սահմանները, ձեռքդ ներս ես տանում. այնտեղ կա մի բան, եթե կուզեք, կապույտ թռչունը, որի համար չկա ո՛չ ինստիտուցիոնալ, ո՛չ կապիտալիստական, ո՛չ էլ անգամ միջանձնային դիսցիպլինար հարաբերությունը։ Կա տարածք, որն անընդհատ լցվում է, եւ կարեւոր մի պահի առնչություն է սկսվում հավաքածիդ հետ։ Հնարավոր է՝ ներսումդ երկար մնաս եւ կորցնես ապրումի ընդունված ձեւերը… Բայց ներսային մոլորությունն ուրիշ բան է, զարմանալի ձեւով շոյող ու ոգեւորող, անգամ եթե դրսի ճանապարհներից եւ ոչ մեկը որոշ ժամանակ չի երեւում։
«Սաղսարան» ինքնակարգավորվող օրգանիզմ է… Որովհետեւ առնչվում է մի բանի, որն արդեն վաղուց գոյություն ունի եւ փոխանցվում է։ Ինքնակարգավորվող ընթացք է «Սաղսարա»-ն։
«Սաղսարա»-ն սկսվել է երկու մարդու հրաշալի էներգիայով եւ շարունակվել մյուսների ջանքերով…
Եվ քանի որ «Սաղսարա»-ն ընթացք է, այն տրամաբանական, բայցեւ մարդու անմիջական միջամտության շնորհիվ շարունակելու է ապրել այնքան, որքան իրապես ազնիվ կլինի որպես ընթացք ու վավերագրություն, որպես առնչություն, որը կենտրոնից դուրս ապրող, իր կենտրոնն ունեցող մարդու հետ է։
Հարցը բազմաշերտ է, ես փորձեմ իմ անկյունից ասել…
Պաշտպանության համար մարդը ստեղծում է պատեր, բայց փխրուն, ձեռքով փոփոխելու պատեր, այնպիսի պատեր, որոնք կարելի է տեղին բառով ու տաք ձեռքով չեզոքացնել։ Գյուղերում պաշտպանության ընկալումն ուրիշ շերտեր ունի. այդտեղ պատեր չկան, բայց կա մի բան, որը տեսանելի չէ ու շարունակում է պաշտպանել։
Դրա համար պիտի կիսես ապրումը, որ ընդունես այդ սահմանը, ընկալես պաշտպանության այդ ձեւը. դա ներս ընդունելու եւ ուսումնասիրելու նուրբ գիծն է, որը, ինչպես նշեցի, երբեւէ չի երեւում։
Դժվար է, երբ այդպես ես մտածում։
«Փրկություն» բառը խանգարում է պատասխանելու։ Ես չգիտեմ։ Գիտեմ այն, որ պիտի սիրենք իրար ու պիտի չափազանց սիրենք այն, ինչ ունենք։ Մեր ունեցածին խնամքով վերաբերվելու համար նախ պիտի գտնել այն մեկին, ով գիտի՝ ինչ է ունեցածը։
«Բալկոն»-ը արդեն չորս տարի է՝ երրորդ տարածություն է ստեղծում ամենատարբեր մարդկանց համար. հարցազրույցներ, պոեզիա, սեւ, հիասքանչ կատու, ձայն, օդ, խիստ տարբեր զրույցներ եւ կին, որի սարքած բալկոնը նույնպես սկսել է շնչել։
Ես սիրում եմ մարդուն՝ իր ապրումներով, սխալներով, հատկապես սխալներով… Եվ նաեւ այն մեկին, ով գիտի, որ լույսը բացվելու է, եւ հրաշալին դա է… Եվ այն մեկին, ով չափազանց ռացիոնալ է եւ մոլորված… Բայց, հա՜, չկա մի բան, որն իր հավերժական պտույտի մեջ սկիզբն ու վերջը կորցնի, եթե վստահաբար սիրում է։ Ջուրն այդպես սիրում է հողը։
«Բալկոն»-ը այն տեղն է, որտեղ մարդը հայտնվում է կամայական մի պահի, բայց իմ սպասումի հետեւանքով… Եվ այդ մարդը չափազանց ազատ է այդ երրորդ տարածությունում, որովհետեւ վստահում ես այն մեկին, ով քեզ երկար է սպասել։
Երկուսս էլ միշտ կարոտում եւ սպասում ենք, բայց հավատարիմ ենք մեր տարածքին։
Մորֆին երկու հատկություն ունի, որ չափազանց շատ եմ կարեւորում. մեկը հավասարակշռությունն է, մյուսը՝ համբերությունը։ Այս երկրորդը չափազանց կարեւոր է… Հատկապես, եթե հավերժական սպասումի գիտակցումն ունես։
Ես պտույտի մեջ գտնվող մարդ եմ եւ չգիտեմ՝ վերադարձը որն է. գիտեմ՝ տեղն է, որտեղ եմ, բայց նաեւ՝ տեղը, որտեղ էի… Ես միշտ եմ դաշտերում, որոնք ինձ հետ կապ ունեն, եւ նրանց դաշտերում եւս, ում սիրում եմ։
Եթե քո աջ ձեռքը գայթակղվի, ամեն բան պիտի անես, որ ձախը հակառակին գնա։ Անընդհատ հավասարակշռության մեջ մնալու հնարավորությունն է, որ ստիպում է չմեղադրել։ Երբ չմեղադրեցիր, դուրս չես մնա։
Ես հավատացյալ մարդ եմ։ Եվ եթե մի պահ դադարեմ հավատալուց, կվախենամ ինքս ինձ հետ եւ առավելապես մյուսների հետ առնչվելուց։
Հարցազրույցը՝ Վիկտորիա Սամուելի