2022 հունվարի 1-ից առեւտրի կետերում կարգելվի 50 միկրոմետրից պակաս պոլիէթիլենային տոպրակների վաճառքը: Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարվել են դեռեւս նախորդ տարի, բայց տոպրակների արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներին կառավարությունը ժամանակ է տվել վերապրոֆիլավորվելու եւ հարմարվելու նոր պայմաններին:
Օդում պարող պոլիէթիլենային տոպրակ, որ հոգնատանջ իջնում է ծառի ճյուղին եւ մնում այնտեղ հավերժ. շատերիս է ծանոթ երեւանյան այս տեսարանը: Այն հաճախ համալրվում է նաեւ գետում նավարկող պլաստիկ շշերով եւ այլ թափոններով: Սննդարդյունաբերության մեջ օգտագործվող պլաստիկ տարաները (օրինակ` շշերը) եւ տոպրակները իսկական գլխացավանք են դարձել ամբողջ հանրապետության համար։
1950-1960-ականներին առաջին անգամ աշխարհում սկսեցին կիրառվել պոլիէթիլենային տոպրակները`սննդամթերքը չորացումից պահելու համար: Ներկայում, սակայն, աշխարհում տոպրակների արտադրությունը ահռելի չափերի է հասել:
20 րոպե օգտագործելուց հետո պլաստիկ տոպրակը նետում ենք, սակայն այն մեզնից երկար կյանք է ունենում: Ըստ բնապահպանների՝ պոլիէթիլենային տոպրակներն առաջացնում են նյարդային հիվանդություններ, երիկամների աշխատանքի, հորմոնների խախտումներ, նաեւ քաղցկեղածին են: Բնապահպանները նշում են, որ ցանկալի է անցում կատարել թղթե ու կտորից տոպրակների:
Մի շարք երկրներ արգելել են բարակ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը, այդ թվում ՝ Չինաստանը, Հարավային Աֆրիկան, Քենիան, Ուգանդան, Թայվանը եւ Բանգլադեշը: Դեռևս 2011 թվականին Իտալիան դարձավ Եվրոպայում առաջին երկիրը, որն արգելեց միանգամյա օգտագործման չքայքայվող պլաստիկ տոպրակների օգտագործումը, իսկ Բանգլադեշում արգելքն ուժի մեջ մտավ այն բանից հետո, երբ պարզվեց, որ «պլաստիկը» խցանում է ջրահեռացման համակարգը՝ սաստկացնելով ջրհեղեղների վտանգը:
Իռլանդիան 2002 թվականից սկսեց վաճառել պոլիէթիլենային տոպրակները 15 եվրոյով: Դրա հետեւանքով ընդամենը 1 տարվա ընթացքում իռլանդացի գնորդների գրեթե 90%-ը հրաժարվեց այդ տոպրակներից:
Իռլանդիայի դրական օրինակին ժամանակի ընթացքում հետեւել են եվրոպական այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բելգիան, Շվեյցարիան, Գերմանիան, Իսպանիան, Նորվեգիան եւ Նիդերլանդները:
Բնապահպան, «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սիլվա Ադամյանը բացատրում է, թե ինչու է պայքարն անարդյունք, իսկ նոր օրենքը՝ չաշխատող. «Սկզբում անվճար էին պոլիէթիլենային տոպրակները, ապա որոշվեց դրանք դարձնել 10 դրամ, բայց դա ոչինչ չփոխեց: Ես ինքս օգտվում եմ օրինակ «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցից, ունեմ իմ կտորից տոպրակը, ու երբ գնումներ եմ անում, նրանք մթերքները չեն լցնում դրա մեջ, լցնում են միայն իրենց պոլիէթիլենային տոպրակների մեջ: Այսինք՝ վերեւից հրահանգ կա անելու այնպես, որ հաճախորդները հոգնեն սեփական պարկերն ու տոպրակները բերելուց եւ վերջապես գնեն դրանք 10 դրամով»:
Նա նշում է, որ իրավիճակը հնարավոր կլիներ փոխել, եթե տոպրակները 10 դրամի փոխարեն արժենային 100 դրամ: Բնապահպանը ցավով պատմում է, որ աղբավայրերում թռչուններն այդ տոպրակները կա՛մ կուլ են տալիս, կա՛մ խեղդվում են դրանց մեջ, իսկ որոշ արագիլներ իրենց բները հյուսում են ամբողջությամբ այդ տոպրակներից:
«Բացի այդ, աղբավայրերը ծուխ են արձակում, ու այրվում են այդ բոլոր պլաստիկ տոպրակները՝ արտանետելով թունավոր գազեր, որոնք հայտնվում են շրջակա միջավայրում: Մենք ունենք մեծ խնդիրներ աղբի մշակման, պլաստիկ տոպրակների խելամիտ ձեւով կրճատման, տնետսվարողների հետ աշխատանքի հետ կապված: Քանի որ մեզ մոտ այս վիճակն է, մենք չենք կարող ակնկալել, որ 2022 թվականին այդ օրենքով ինչ-որ բան կստացվի»,- ասում է Ադամյանը:
Դրանց այլընտրանք կարող են լինել կենսաքայքայվող տոպրակները՝ ասում է «Յունիսթրիս ինթենեյշնալ» ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ավետիս Վարոսյանը։
Ընկերությունը հայ արտադրողներին առաջարկում է այլընտրանք. առանց արդեն գոյություն ունեցող հոսքագծերը փոխելու, ընդամենը ջերմաստիճանի կարգավորումները փոխելով՝ ստանալ պլաստիկ տոպրակին համարժեք փոխարինիչ, բայց կենսաքայքայվող տարբերակով:
Արդյոք պատրաստ են այդ ամենին տնտեսվարողները: Կապվեցինք «Էմ ջի» եւ «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի ներկայացուցիչների հետ, որոնք նշեցին, որ հարցը դեռեւս չի քննարկվել, ու մշտադիտարկում չի իրականացվել:
Այնուամենայնիվ, այլընտրանքային միջոցներով հնարավոր է ծածկել շուկայի պահանջարկը: Քաղաքացիները գուցե մի փոքր ավելի թանկ վճարեն, սակայն կպաշտպանեն իրենց առողջությունը, միգուցե մի օր էլ օդում ճախրող պոլիէթիլենային տոպրակները կվերանան:
2022 հունվարի 1-ից առեւտրի կետերում պոլիէթիլենային տոպրակների վաճառքը շարունակելու դեպքում նախատեսվում է վարչական պատասխանատվություն: