ՄԱԿ-ի Մարդու իրավունքների միջազգային դատարանում հոկտեմբերի 18-ին Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի հայցով նախնական լսումներն էին: Բանավոր լսումները կշարունակվեն հոկտեմբերի 19-ին: Ադրբեջանը պահանջում է հրատապ միջոց կիրառել Հայաստանի դեմ՝ պարտավորեցնելով Բաքվին տրամադրել 44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախի վերահսկողությունից դուրս եկած տարածքների ականապատման քարտեզները։
Ադրբեջանի ներկայացուցիչները, մեկ ժամ փորձելով հիմնավորել, թե Հայաստանի կողմից ականապատումը ոչ միայն սահմանի ամրացման միջոցառում է եղել, այլեւ ադրբեջանական նախկին բնակավայրերը հնարավորինս անմատչելի դարձնելու գործողություն, պնդեցին, որ Երեւանը պետք է անհապաղ Բաքվին հանձնի քարտեզները։
«ՈՄԱ»-ին էլ «կպան»
Ադրբեջանի հաջորդ բողոքը վերաբերում էր Հայաստանում քաղաքացիական անձանց շրջանում մարտական վարժանքներ իրականացնող «ՈՄԱ» («Ողջ մնալու արվեստը») կազմակերպությանը։ Ըստ Ադրբեջանի փաստաբանների՝ «ՈՄԱ»-ն «զինված, վտանգավոր, ազգայնական խումբ է», որի գործունեությունը որեւէ կերպ չի սահմանափակվում Հայաստանի իշխանությունների կողմից։
«Պատժամիջոցներ չկիրառելով ու չսահմանափակելով նման խմբերի գործունեությունը եւ ողջունելով Ադրբեջանը թիրախավորող ռասայական գաղափարախոսությունը՝ Հայաստանն ավելի քան խախտում է «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի մի քանի կետեր»,- նշեցին նրանք։
Ադրբեջանի ներկայացուցիչները խոսեցին նաեւ պատերազմի ժամանակ ադրբեջանցի զինվորների նկատմամբ «դաժան վերաբերմունքի» մասին՝ նշելով, որ սոցցանցերում կան տարածված նման տեսանյութեր, «որոնք հրահրում են ատելություն ազգային հողի վրա ադրբեջանցիների նկատմամբ»: Դրանցից մեկում, ըստ փաստաբանների, «կտրում են ադրբեջանցի սահմանապահի կոկորդը»։
Ականների մեծ մասը տեղադրել է Ադրբեջանը
Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը էթնիկ ատելության հողի վրա արված ականապատման մասին մեղադրանքներին ի պատասխան հայտարարել է, թե Ադրբեջանը փորձում է խտրականություն փնտրել մի տեղ, որտեղ այն չկա։ Նա վստահեցրել է, որ Ադրբեջանը կեղծ տեղեկություններ է տարածում այն մասին, թե ովքեր ու ինչ նպատակով են տեղադրել ականները Արցախի սահմաններին։
«Ադրբեջանը հանկարծ բացահայտել է ականազերծման արժեքը»
«Հարյուրհազարավոր ականներ տեղադրել է հենց Ադրբեջանը 90-ականների սկզբում, այդ ականները հակամարտության գոտում ազդել են բոլորի վրա, ցավոք, մենք բոլորս տուժել ենք ականների պատճառով։ Իմ երկիրը ցավում է ամեն կորսված կյանքի համար՝ անկախ մարդու էթնիկ պատկանելությունից։ Տասնամյակներ շարունակ իմ երկիրը փորձել է ամբողջական ականազերծում իրականացնել, սակայն Ադրբեջանը հետեւողականորեն արգելել է հումանիտար առաքելությունները, քանի որ հայկական ծագում ունեցող անձինք էին հիմնականում շահառուները։ Եվ միայն հիմա, երբ այդ մարդիկ տեղահանվել են, Ադրբեջանը հանկարծ բացահայտել է ականազերծման արժեքը»,- ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ նշել է Եղիշե Կիրակոսյանը։
ՀՀ-ն քարտեզներ տրամադրելու իրավական պարտավորություն չունի
Կիրակոսյանը շեշտել է նաեւ, որ Հայաստանն արդեն երկու տարբեր առիթներով ականապատման դաշտերի քարտեզներ է փոխանցել Ադրբեջանին։ «Հրատապ հումանիտար հարցերը լուծելու կոնտեքստում մենք պատրաստ ենք տրամադրելու մեր տրամադրության տակ գտնվող այլ քարտեզներ։ Եվ Հայաստանը այս առաջարկն արել է չնայած այն փաստին, որ որեւէ իրավական պարտավորություն չունի նման քարտեզներ տրամադրելու»,- ընդգծել է նա։
Ականապատման նպատակը պաշտպանությունն է
Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Շոն Մերֆին, շեշտել է, որ ականապատում իրականացվում է գրեթե բոլոր ռազմական կոնֆլիկտների ընթացքում աշխարհի ցանկացած կետում, եւ դրա նպատակը, ըստ հանրագիտարանների, պաշտպանությունն է եւ ոչ թե ռասայական խտրականությունը։ Շոն Մերֆի խոսքով՝ հայկական կողմն ականազերծման աշխատանքներում ներգրաված է եղել բրիտանական «Halo trust» կազմակերպությանը, որը ականազերծում չի իրականացրել միայն սահմաններին, քանի որ դրանք համարվել են ռազմական գոտի։
Ըստ Հայաստանի ներկայացուցչի` սա ապացուցում է, որ հայկական կողմը ժամանակին նպատակ չի ունեցել ականապատելու՝ ենթադրելով, որ տարածքներ միգուցե մի օր կարող են վերադառնալ ադրբեջանցիներ: Ականները, ինչպես փաստում է անգամ Ադրբեջանի ներկայացրած քարտեզը, տեղադրվել են շփման գոտու երկայնքով։
Խոսքը բոլոր ադրբեջանցիների մասին է․ էթնիկ զտման հարց չկա
«Ականազերծման վերաբերյալ այս միջնորդությունը ակնհայտորեն հիմնված է բոլոր ադրբեջանցիների, ոչ թե կոնկրետ էթնիկ ծագման մարդկանց դեմ ենթադրյալ վնասակար հետեւանքները կանխելու համար։ Պրոֆեսոր Լոն, այս առավոտյան անձամբ անդրադառնալով ականապատ դաշտերի վնասակար հետեւանքներին, ասաց` Ադրբեջանի ժողովուրդը, նա չասաց՝ ադրբեջանական էթնիկ ծագում ունեցող մարդիկ։ Ինչպես նշված է Ադրբեջանի հայցի մեջ, Ադրբեջանը բազմազգ երկիր է, որը ներառում է նշանակալի թվով հայերի, երկիր, որը կազմված է հիսունից ավելի էթնիկ խմբերից, հետեւաբար Ադրբեջանում ականազերծումը անհրաժեշտություն է Ադրբեջանի բոլոր քաղաքացիների եւ ոչ թե միայն էթնիկ ադբեջանցիների համար»,- ընդգծել է Հայաստանի ներկայացուցիչը։
Ադրբեջանի պնդումներին, թե հայկական կողմն ատելության խոսք է տարածում էթնիկ ադրբեջանցիների հասցեին` Հայաստանի ներկայացուցիչները պատասխանեցին, որ դրա կարիքը Հայաստանը չունի:
Ադրբեջանն իրեն զոհ է ներկայացնում
Եղիշե Կիրակոսյանը շեշտել է, որ Ադրբեջանը Հայաստանի բոլոր քայլերը հայելային ձեւով կրկնում է։ «Ադրբեջանի դիմումը կառուցված է կեղծ համարժեքության սկզբունքով, դա տակտիկական կերպով այնպես է գծագրված, որ տպավորություն ստեղծվի, թե հենց ինքը՝ Ադրբեջանն է զոհը»,- ընդգծել է նա:
Եղիշե Կիրակոսյանը թվարկել է, որ երբ Հայաստանը հարց բարձրացրեց Ադրբեջանի՝ ատելության խոսք տարածելու մասին, նույնը արեց Ադրբեջանը՝ պնդելով, թե Հայաստանն է դա անում։ Հայաստանը դիմեց մշակութային ժառանգության ոչնչացման խնդրով, նույնն արեց Ադրբեջանը։ Հայաստանը դիմեց դատարանին, ուղիղ մեկ շաբաթ անց նույնն արեց Ադրբեջանը:
ՄԱկ-ում Հայաստանի ներկայացուցիչ, Հաագայի դատարանում Հայաստանը ներկայացնող Եղիշե Կիրակոսյանը շեշտել է, որ փաստեր շատ կան, սակայն դատարանին չծանրաբեռնելու համար դրանք չի ներկայացնի։
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը անցյալ շաբաթ էլ Հայաստանի Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու հայցն էր քննարկել։ Հայաստանը պահանջում է ազատ արձակել գերիներին, քաղաքացիական անձանց, փակել Բաքվի կենտրոնում բացված «Ռազմավարի պուրակը», որտեղ ներկայացված են 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական զինուժից գրաված զինտեխնիկան, նվաստացուցիչ վիճակում պատկերված են հայ զինծառայողներ՝ շղթայված բանտախցում։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ արդեն պուրակից հեռացրել են սաղավարտները եւ հայ զինվորներին պատկերող մանեկենները։