Ռուսաստանի oդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76ՄԴ ինքնաթիռով հոկտեմբերի 18-ին Երեւան է հասել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը, որը նախատեսված է Լեռնային Ղարաբաղի համար։
ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ բարեգործական կազմակերպությունների հավաքած օգնությունն ուղարկվել է Մոսկվայի մարզի «Չկալովսկի» օդանավակայանից։
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ներկայացուցիչ Սեմյոն Բլեսը նշել է, որ հրամանատարը խնդիր էր դրել իրականացնելու 10 տոննա մարդասիրական օգնության տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն։ «Խնդիրը կատարվել է հստակ եւ համակարգված»,- ասել է նա։
Հայաստան հասած խմբաքանակում նաեւ սարքավորումներ կան, որոնք նախատեսված են Արցախի հեռավոր շրջաններում, սահմանազատման գծում գտնվող կրթական հաստատությունների համար։ Մարդասիրական բեռն Արցախ կհասցնի ռուսական խաղաղապահ զորախմբի ավտոշարասյունը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին նշել է, որ Հայաստան են բերվել սննդամթերք, խաղալիքներ, գրենական պիտույքներ, ծորակներ, էլեկտրական վառարաններ։ «Այդ ամենը հետագայում կտեղափոխվի մանկապարտեզներ, դպրոցներ, կփոխանցվի բազմազավակ ընտանիքներին, կարիքավորներին, տեղահանվածներին, նաեւ նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին»,- ընդգծել է նա։