Ըստ Երեւանի քաղաքապետարանի՝ Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման մրցույթում հաղթել է ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ խոսքը ոչ թե կայարանի շինարարության, այլ նախագծման մրցույթը շահելու մասին է:
Քաղաքապետի մամուլի քարտուղարը կայարանի նախագծման աշխատանքների ավարտի, առավել եւս Աջափնյակի մետրոյի կայարանը շահագործման հանձնելու որոշակի ժամկետ չի նշել՝ պարզաբանելով, որ գործընթացն իրականացնում է ՀՀ Կառավարությունը, իսկ քաղաքապետարանը զուտ տեխնիկական միջնորդի դեր է կատարում:
Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը հայտնել է, որ կայարանի նախագծման աշխատանքները կտեւեն մեկուկես տարի, սակայն եթե Հայաստանի Կառավարությունը հավանություն տա առաջարկին, ընկերությունը ակտիվ եւ դիվերսիֆիկացված կաշխատի նախագծումը մի քանի փուլի բաժանելու եւ տարատեսակ շինարարական աշխատանքները սկսելու համար։
Աբրամսոնն ընդգծել է, որ «Մետրոգիպրոտրանսը» պատրաստ է 500 մլն դոլարի ներդրում անելու Երեւանի մետրոպոլիտենի ընդհանուր զարգացման մեջ:
Աջափնյակի մետրոյի կայարանը տվյալ վարչական շրջանը կկապի «Բարեկամություն» կայարանի հետ եւ էապես կթեթեւացնի երթեւեկությունը քաղաքում:
Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենը ներկայում ունի 10 կայարան եւ ավելի քան 12 կմ ընդհանուր շահագործվող երկարության գիծ: Մետրոյի վագոնային պարկը բաղկացած է 45 վագոնից, շահագործվում է 33-ը։