Լիբանանի Անջար գյուղաքաղաքի փողոցներից մեկը կոչվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված լիբանանահայ օպերային երգիչ, դիրիժոր Գեւորգ Հաճյանի անունով: Անջարում նրա ապրած տան վրա տեղադրվել է հուշատախտակ: Փողոցի անվանակոչությանը համաձայնություն է տվել Լիբանանի Բեքաայի մարզի վարչական շրջանի ղեկավարությունը, որի մեջ է մտնում Անջար գյուղաքաղաքը: «Ալիք Մեդիա»-ն այս տեղեկությունը ստացավ Անջարի քաղաքապետարանից, տեղեկացանք նաեւ, որ քաղաքապետարանն ու Անջարի հայկական մշակութային, հոգեւոր կազմակերպությունները Գեւորգ Հաճյանի զոհվելու տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառում են կազմակերպել, որին ներկա են եղել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը, Լիբանանի կառավարությունում հայ նախարար Ջորջ Բուչիկյանը, այլ բարձրաստիճան հյուրեր:
Հուշաքարի բացման արարողությունը կատարել է Գեւորգ Հաճյանի մայրը. նա օրերս Հայաստանում նաեւ մասնակցել է Գեւորգ Հաճյանի նահատակության տարելիցի առթիվ Պռոշյան գյուղի Զորաց պանթեոնում կազմակերպված արարողությանը: Գեւորգ Հաճյանը հուղարկավորված է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում, որտեղ Լիբանանից հայրենադարձվելուց հետո ապրում էր ընտանիքով: Նա պատերազմ էր մեկնել ՀՅԴ կամավորական ջոկատի հետ, զոհվել է 2020-ի հոկտեմբերի 16-ին՝ Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքի ազատագրման ժամանակ: