Մեր բառապաշարում մի վտանգավոր «բայաթի» է շրջանառվում: 44-օրյա պատերազմից հետո հաճախ են գրում՝ կարեւորը մեր ֆիզիկական գոյությունն ապահովելն է: Սա կատարյալ անհեթեթ ընկալում է:
Կարեւորը անապատում հայտնվածի ֆիզիկական գոյությունն է, որը նույնիսկ ինքն իրեն ապացուցելու բան չունի: Բայց ազգը չի կարող այս ընկալումով ապրել: Պետական միավորը այս ընկալումով քայլում է ուղիղ անդունդ: Այդպես կարող է ասել եկեղեցին, որովհետեւ եկեղեցին ամենուր է, որովհետեւ ինքը Հայ առաքելական է, ոչ թե Հայաստանյայց առաքելական: Եկեղեցին Մոնրեալում անգամ կարող է մտածել սեփական ֆիզիկական գոյության մասին, եթե այնտեղ կա հայկական եկեղեցի: Մոնրեալում չես կարող մտածել Հայաստանի մասին՝ մնալով Մոնրեալում, պիտի գաս Հայաստան: Իսկ Հայաստանում ֆիզիկական գոյության մասին մտածել չի կարելի: Ֆիզիկական գոյության մասին միտքը մարդուն թույլ չի տալիս լինել քաղաքական միավոր:
Մենք երկար ենք մտածել մեր ֆիզիկական գոյության մասին, մինչեւ կատարել ենք քաղաքական միավոր լինելու քայլը: Քաղաքական միավոր լինում են պետությունները, իսկ ֆիզիկական միավոր՝ ազգությունները:
Այո՛, պարտությունը գուցե վտանգել է հենց մեր ֆիզիկական գոյությունը, բայց մեր տեսլականը չի կարող հենց ֆիզիկական գոյությունը լինել: Հենց ֆիզիկական գոյություն ունեցողի մասին է Պուշկինի նման մեկն ասում՝ դու վախկոտ ես, դու ստրուկ ես, դու հայ ես: Նույնիսկ եթե չի ասել, կարող էր ասել: Որովհետեւ ֆիզիկական գոյության մասին մտածողը զիջող է, իսկ պետական միավոր ունեցող ազգը՝ փոխզիջող: Ֆիզիկական գոյության մասին մտածողը կարող է լինել նաեւ մաքսիմալիստ ու ինքն իրեն տանել կործանման, եթե նրա գլխում «քաղաքական» ոչ մի հաշվարկ չկա:
Հայաստանը անկախ պետություն է, նշանակում է՝ ավելի կարեւոր հարցեր ունի լուծելու, քան ֆիզիկական գոյությունն ապահովելն է: Ֆիզիկական գոյության մասին մտածողը անհատական արժանապատվություն չունի: Դիցուք կաթողիկոս Հովհաննես Օձնեցին 8-րդ դարում Արաբական խալիֆայությանն ասում է՝ մենք ձեզ ծառա, այսինքն՝ երաշխավորում է արաբական լծի նկատմամբ հայերի հնազանդությունը: Սա ֆիզիկական գոյությունն ապահովելու քայլ է: Այստեղ արժանապատվությունը մի կողմ է դրած:
Հիմա հաճախ են խոսում ԽՍՀՄ-ի վերականգնմանը չընդդիմանալու կամ «Ռուսաստան-Բելառուս» միությանը միանալու մասին: Որպեսզի թուրքերը կամ ադրբեջանցիները Հայաստանը չուտեն: Այսպիսի խոսակցություններն ուղղակի աղետ են: Հիշո՞ւմ եք, մի երգ կար՝ «Երբ չի մնում ելք ու ճար»: Երգում շարունակությունն այլ է՝ «խենթերն են գտնում հնար»: Բայց ֆիզիկական գոյությունն ապահովելու մասին մտահոգությունները հենց ելք ու ճարի բացակայությամբ են թելադրվում:
Մեր գլխավոր «ելք ու ճարը» մեր ձեռքում է, Հայաստանն անկախ պետություն է, Հայաստանը քաղաքական արժանապատվություն ունեցող պետություն է, եւ նրա բոլոր քայլերը պետք է թելադրվեն հենց քաղաքական արժանապատվությամբ: Մնում է, որ իշխանությունը եւ քաղաքացին այս մասով հակադիր դիրքերում չլինեն:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: