Ադրբեջանական բանակը զորավարժություններ է անցկացնում 44-օրյա պատերազմից հետո Արցախի Բաքվի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանում: Այդ տարածքով է անցնում Հայաստանը Արցախի հետ կապող Լաչինի միջանցքը։
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ հրամանատարաշտաբային զորավարժություններն անցկացվում են կապի և տեղանքում կողմնորոշվելու տարատեսակ միջոցների լայնամասշտաբ կիրառմամբ։ Ըստ Ադրբեջանի ռազմական գերատեսչության՝ վարժանքների ընթացքում դիտարկվում է ցամաքային զորքերի եւ զորքերի տեսակների փոխգործակցությունը՝ կառավարման ժամանակակից մեթոդների կիրառմամբ։
Վերջին երկու ամսում սա Ստեփանակերտի անմիջական հարևանությամբ ադրբեջանական երկրորդ զորավարժությունն է։ Լաչինի մոտ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են անցկացվել նաեւ այս տարվա սեպտեմբերի սկզբին։ Դրանք ԼՂ հակամարտության գոտում Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջին համատեղ զորավարժություններն էին։