Բաքվից Երեւան է տեղափոխվել ռազմագերիների նոր խումբ։ Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»` Երեւան են վերադարձվում հինգ ռազմագերիներ՝ Մելս Կարապետի Ամբարդանյանը, Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Ժորա Վանոյի Մանուկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Հովսեփ Ռոբերտի Մանուկյանը։ Ադրբեջանական աղբյուրները պնդում են, թե նրանք դատապարտվել են ոչ ծանր հանցանքների համար։
Բաքվից ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կկատարել «Էրեբունի» օդանավակայանում։
Օդանավակայանում նրանց դիմավորել են Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամանատարներ Ռուստամ Մուրադովը, Միխայիլ Կոսաբոկովը եւ ՌԴ խաղաղապահ ուժերի այժմյան հրամանատար Գենադի Անաշկինը։
Այսօր վերադարձաձ ռազմագերիներից 3-ին` Ռաֆիկ Կարապետյանին, Սեդրակ Սողոմոնյանին եւ Մելս Ամբարդանյանին, հուլիսի 23-ին Բաքվի դատարանը դատապարտել էր 6 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում: Այդ օրը 6 տարվա ազատազրկման են դատապարտվել եւս 10 հայ ռազմագերիներ։
Բաքվի դատարանում հուլիսի 22-ին նման դատավճիռ է ընդունվել 13 հայ գերիներից բաղկացած մեկ այլ խմբի նկատմամբ, որոնց թվում նաեւ Ժորա Վանոյի Մանուկյանն էր։
Այսօր Բաքվից վերադարձած Հովսեփ Ռոբերտի Մանուկյանի եւ եւս 12 հայ զինծառայողի նկատմամբ նման որոշում էր ընդունվել հուլիսի 29-ին։
ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` հոկտեմբերի 4-ի դրությամբ անհայտ է Արցախյան վերջին պատերազմին մասնակցած 224 զինծառայողների եւ 22 քաղաքացիական անձանց գտնվելու վայրը։
Մինչեւ օրս Ադրբեջանը ՀՀ-ին է հանձնել գերեվարված 108 զինծառայողների եւ քաղաքացիական անձանց։
Արցախյան վերջին պատերազմում Արցախում եւ ՀՀ-ում զոհվել են 3788 զինծառայող եւ քաղաքացիական անձ։