ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է կառավարության ներկայացրած «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ հակաօդային պաշտպանության զորքերն իրավասու են ՀՀ անվտանգությանը սպառնալու դեպքում կամ ՀՀ նկատմամբ թշնամական որեւէ գործողություն կատարելիս ուղեկցել եւ ստիպել ՀՀ օդային տարածքում գտնվող օդանավին կամ այլ թռչող սարքի վայրէջք կատարել ՀՀ օդանավակայաններում կամ համապատասխան այլ տարածքում:
«Իսկ եթե օդանավը կամ այլ թռչող սարքը շարունակում է նշված գործողությունները, հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները ոչնչացնում են նշված օդանավը կամ այլ թռչող սարքը»,- ընդգծել է փոխնախարարը՝ հավելելով, որ պետք է հստակեցնել, թե ինչ կարգով է կատարվելու այդ գործողությունը։ «Պետական սահմանի մասին» օրենքում մինչեւ հիմա նման կարգավորում չկա։ Օրենքի փոփոխությամբ կառավարությանը լիազորվում է, որ կարգ մշակի` այդ ընթացակարգերն ավելի հստակեցնելու համար։
Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը պարզաբանել է, որ 2001-ին ընդունված օրենքում արդեն 20 տարի է, ինչ նման իրավական բացթողում կա։ Չի սահմանվել, որ կառավարությունը հակաօդային պաշտպանության միջոցների կիրառման կարգ սահմանելու լիազորություն ունի։
«Պետք է օրենքում փոփոխություն կատարել եւ լիազորել կառավարությանը, որ այդ կարգը սահմանի, թե ինչ զինատեսակներ են կիրառվելու, ինչպես եւ ինչ կարգով»,- ասել է նա։
Նախագիծն առաջիկայում կներկայացվի ԱԺ լիագումար նիստում։