ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հոկտեմբերի 20-21-ին գործուղվել է Մոսկվա։ ՀՀ կառավարության մոսկովյան պատվիրակության կազմում են փոխարտգործնախարար Արմեն Ղեւոնդյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
Մհեր Գրիգորյանը Մոսկվայում կմասնակցի հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբի՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի եռակողմ հանձնաժողովի հանդիպմանը։ Գրիգորյանը բանակցություններ կվարի Ալեքսեյ Օվերչուկի եւ Շահին Մուստաֆաեւի հետ: Նա հայտնել է, որ քննարկվելու են տարածաշրջանում տրանսպորտային ուղիների վերաբացման հարցերը։
«Որոշակի պատկերացումներ են ձեւավորվել երկաթգծի մասով, նախնական համաձայնություն կա, որ ապաշրջափակումը պետք է իրականացվի ԱՊՀ երկրների կարգավորումների բազայի շրջանակում։ Մենք պետք է քննարկենք ավտոճանապարհների հարցերը։ Հայաստանի առաջնահերթությունն է տրանսպորտային բոլոր ուղիների ամբողջական ապաշրջափակումը»,- ընդգծել է Մհեր Գրիգորյանը։
Փոխվարչապետը նշել է, որ տարածաշրջանի երկաթգծի ապաշրջափակման շուրջ քննարկումներն ավելի արդյունավետ են, քանի որ խոսքը վերագործարկման մասին է։ «Այսինքն` գծերի, որոնք եղել են Խորհրդային Միության ժամանակ, այդ երկաթգծերի վերականգնման մասին է խոսքը»,- նշել է նա։
Երեւան-Նախիջեւան-Մեղրի՞ն, թե՞ բոլորովին նոր երկաթգիծ
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Խորհրդային Միության ժամանակ Հայաստանը Ադրբեջանի հետ երկաթուղով ու ավտոճանապարհով կապվում էր երկու ուղղություններով՝ Երեւան-Նախիջեւան-Մեղրի, այնտեղից էլ` դեպի Բաքու, եւ Երեւան-Իջեւան-Ղազախ, այնտեղից էլ` դեպի Բաքու կամ Թբիլիսի։ ԽՍՀՄ փլուզմանը զուգահեռ սկսված արցախյան պատերազմի ժամանակ Բաքվի կողմից արգելափակվեցին Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաղորդակցության ուղիները։ Պատերազմից հետո ապամոնտաժվեց Մեղրիից դեպի Հորադիզ Արաքսի ափով ընկած երկաթգիծը։
Ադրբեջանն ու Թուրքիան հետպատերազմյան շրջանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապում են, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հետ․ հայտնի չէ՝ խոսքը խորհրդային տարիներին Երեւան-Նախիջեւան-Մեղրի երկաթգծի՞ մասին է, թե՞ բոլորովին նոր երկաթգծի կառուցման։
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում խոսվում է տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, սակայն հատուկ նշված է, որ տրանսպորտային հաղորդակցության հսկողությունը պետք է իրականացնեն ռուս սահմանապահները։
Սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ Հայաստանի փոխվարչապետը նշել է, որ դա երկարաժամկետ գործընթաց է․ սահմանների մասին խոսելուց առաջ պետք է լիարժեք հետազոտել սահմանների վերաբերյալ իրավական ամբողջ բազան, «ընդ որում՝ իրավական այն բազան, որտեղ կան երկու երկրների համաձայնություն, ստորագրություն կամ միացում ինչ-որ փաստաթղթի»,- ընդգծել է Մհեր Գրիգորյանը։